Լեհաստանի զինվորական դատախազության աշխատակից, գնդապետ Միկոլայ Պշիբիլը, որը զբաղվում է Սմոլենսկի շրջակայքում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գործի հետաքննությամբ, Պոզնան քաղաքում մամլո ասուլիսի ընթացքում ինքնասպանության անհաջող փորձ է կատարել:

Լեհական լրատվամիջոցների հաղորդմամբ` մամլո ասուլիսը նվիրված է եղել լեհական  N1 ինքնաթիռի վթարի հետաքննությամբ զբաղվող լրագրողների գործունեությանը զինվորական դատախազության աշխատակիցների կողմից իբրեւ թե լրտեսություն իրականացնելու թեմային:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` դատախազության աշխատակիցները հեռախոսային օպերատորներից վերցրել են լրագրողների կոնտակտային տվյալները` պատճառաբանելով վթարի հետաքննությանը միջամտելը:

Պշիբիլը դատախազության աշխատակիցներին պաշտպանող ելույթով է հանդես եկել, ովքեր, նրա խոսքով, օրենքը չեն խախտել, այլ խոչընդոտել են գործի հետաքննման մասին տեղեկատվության արտահոսքին:

Նա նաեւ հայտարարել է, որ հետաքննության ընդհանուր պատկերն աղավաղող լրագրողներին կարող էին օտարերկրյա հետախուզական ծառայությունները հովանավորել:

Դրանից հետո զինվորական դատախազը ընդմիջում է հայտարարել, դուրս եկել ասուլիսի սենյակից եւ կրակել իր գլխին: Շտապօգնություն կանչել են լրագրողները, որոնք լսել են կրակոցի ձայնը եւ հայտնաբերել Պշիբիլին իր առանձնասենյակի հատակին ընկած: Գնդապետը ողջ է մնացել եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ըստ զինվորական դատախազության հաղորդման` Պշիբիլի կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, գրում է «ՌԻԱ  Նովոստի»-ն:

Lenta.ru-ն հայտնում է, որ իր ելույթի ժամանակ Միկոլայ Պշիբիլը շատ հուզված էր երեւում: Դատախազի ինքնասպանության փորձի հայտնի դառնալուց հետո Լեհաստանի ներկայիս նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին անվտանգության ծառայություններին կարգադրել է իրադրությունը վերցնել իրենց հսկողության տակ եւ հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռն ընկել էր Սմոլենսկի տակ` 2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան: Մառախուղի պատճառով, վատ տեսանելիության պայմաններում, վայրէջքի ժամանակ այն խճճվել էր ծառերի վերնամասում: Ինքնաթիռում 96 մարդ էր եղել` 88 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամներ: Բոլորը զոհվել էին: