News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել իրենց քաղաքացիների վրա` նրանց կրոնական հակումները որոշակիորեն նվազեցնելու նպատակով: Այսպես, Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը արգելել է իր աշխատողներին նամազ անել աշխատավայրում:

Այդ մասին հաղորդում է Qafqazinfo.az կայքը, վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ քաղաքապետը «բռնացրել է» մի քանի աշխատողների նամազ կատարելիս եւ շատ է զայրացել, որից հետո էլ որոշել է կիրառության մեջ դնել նամազն արգելելու նոր որոշումը: «Քաղաքապետը աշխատավայրում նամազ անելը համարում է կարգ ու կանոնի խախտում: Քաղաքապետարանի ներսում ընդունված որոշումը խախտող յուրաքանչյուր ոք ազատվելու է աշխատանքից»,-գրում է կայքը:

Բացի այդ, Բաքվի Յասամալի շրջանում փակվել է համայնքի մզկիթը, որը 15 տարի շարունակ տեղի բնակիչների համար ծառայել է որպես աղոթատեղի ու կրթօջախ: Բնակիչները հայտնել են, որ Աշուրա սգո տոնից մի քանի օր անց անհայտ անձինք, ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, եկել եւ փակել են մզկիթը` առանց որեւէ բացատրություն տալու: Դա առաջին դեպքը չէ Ադրբեջանում: Հիջաբների արգելքը մտցնելուց հետո, իշխանությունները շարունակում են քայլեր ձեռնարկել` հասարակական կյանքում իսլամի դերը որոշակիորեն նվազեցնելու համար: Հարկ է նշել, որ կրոնական սահմանափակումներ մտցնելու առթիվ Ադրբեջանում բողոքի ալիք բարձրացրեցին Իսլամական կուսակցությունն ու հոգեւորականները, որին հաջորդեցին նրանց ձերբակալությունները: Արդյունքում Իսլամական կուսակցության ներկայացուցիչները դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման:

Զուտ կրոնական տեսանկյունից դիտարկելու դեպքում Իլհամ Ալիեւի նման քաղաքականությունը կարող է տարօրինակ թվալ, որովհետեւ իսլամական գործոնի շնորհիվ նա միջազգային ասպարեզում վայելում է իսլամական երկրների եւ արաբական աշխարհի օժանդակությունն ու հովանավորությունը: Օրինակ, նրա հայրը` Հեյդար Ալիեւը նախագահ դառնալուց հետո` 1994-ին, ուխտագնացություն կատարեց Մեքքա, որը մեծ արձագանք գտավ Ադրբեջանում եւ իսլամական աշխարհում: ԽՍՀՄ-ի կազմում գտնվելու ժամանակ, աթեիստական գաղափարախոսության քարոզչության պայմաններում ադրբեջանական հասարակությունը որոշակիորեն հեռացել էր իսլամից, սակայն անկախություն ձեռք բերելուց հետո այդ երկրում կրկին սկսեցին գլուխ բարձրացնել իսլամական հակումները: Դա պայմանավորված է նաեւ Իրանի ազդեցության եւ քարոզչության աճով:

Ադրբեջանական իշխանությունները, իրենց հերթին, սկսել են Իսլամական կուսակցությանը եւ բոլոր իսլամիստներին համարել քաղաքական վտանգավոր հակառակորդ: Երբ հասարակության շրջանում կրոնը սկսում է գերակայող դիրքեր գրավել, դա հղի է լուրջ սպառնալիքներով այդ երկրի աշխարհիկ իշխանությունների համար: Ալիեւ կրտսերը նաեւ հասկանում է, որ Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը երբեք չեն համակերպվի, եթե Ադրբեջանը գնա իսլամի ուղիով: Ավելին, դա մեկուսացում կնշանակի Ադրբեջանի համար:

Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ կրոնական գործոնի աճը ադրբեջանական հասարակության շրջաններում ունի նաեւ հոգեբանական լուրջ պատճառներ: Ակնհայտ է, որ ազգային ինքնության փնտրտուքի մեջ գտնվող ադրբեջանական հասարակությունը փորձում է ելքի ուղիներ փնտրել իսլամում, որը կարող է լրացնել ազգային ինքնության հետ կապված խնդիրների բացը: Նման պայմաններում իսլամական գործոնի աճը երկրում շարունակվելու է, որը կարող է հանգեցնել իշխանությունների ճնշումների ուժեղացման:

 

Տաթեւիկ Հայրապետյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ