Թբիլիսիի «Սուրբ Նշան» եկեղեցում հունվարի 9-ին բռնկված հրդեհը, որի հետեւանքով փլվել է սյուներից մեկը Վրաստանի իշխանությունների նպատակադրված քաղաքականության արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով` «Սուրբ Նշան» եկեղեցում առաջին անգամ հրդեհ է բռնկվել դեռեւս մի քանի տարի առաջ, երկրորդ անգամ` 10 օր առաջ, իսկ երրորդ անգամ` 2 օր առաջ. «Տվյալ դեպքում պատասխանն ակնհայտ է: Արդեն 20 տարուց ավելի վրացական կողմն իր առջեւ հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելու ճանապարհով երկրի տարածքում հայերի բնակության հետքերը ջնջելու նպատակ է դրել: Այդ քաղաքականությունն սկսվել է դեռեւս Գամսախուրդիայի օրոք եւ չի փոխվել հաջորդ նախագահների իշխանության տարիներին: Ես նկատի չունեմ Թբիլիսիի ծայրամասերում գտնվող հայկական գերեզմանոցները. տվյալ դեպքում խոսքը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցիների մասին է»:
Կարապետյանը նաեւ կարծիք է հայտնել, որ հետագայում եւս Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված նման «դժբախտ» դեպքեր կլինեն:
Նշենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության գնահատող խումբը Մշակութային պատմական հուշարձանների պահպանության ընկերության նախագահ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ հունվարի 11-ին Թբիլիսի է մեկնել հայկական «Սուրբ Նշան» եկեղեցում բռնկված հրդեհի մանրամասները պարզելու համար: Հայաստանի մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանի խոսքով`գնահատող հանձնաժողովը Թբիլիսիում կուսումնասիրի կատարվածի մանրամասները եւ վրացական կողմի հետ կքննարկի համատեղ միջոցառումները: