News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 11-ին, ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Գեւորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ազգի արժանի զավակ Գեւորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծ հայրենասերի համբավը կփոխանցվի սերնդեսերունդ:

«Գեւորգ Վարդանյանի հետ հանդիպումներից եւ զրույցներից ես պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները: Նա եղել է Հայրենիքին արժանավայել ծառայության օրինակ, մշտապես բաց էր եւ բարյացակամ՝ շրջապատող մարդկանց հանդեպ: Գեւորգ Վարդանյանի մասին բարի եւ լուսավոր հիշողությունը միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան:

Իմ ցավակցություններին է միանում նաեւ Ռիտա Սարգսյանը: Մենք անկեղծորեն ցավում ենք Ձեզ հետ միասին, կիսում Ձեր մեծ վիշտը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հունվարի 10-ին, Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը: Նախնական տվյալներով, նրան կհուղարկավորեն հայրենիքում, Հայաստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ