News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շախմատի Ուկրաինայի 2009 թվականի չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, անցած տարվա դեկտեմբերից անդամագրվելով Հայաստանի շախմատային ֆեդերացիային, այսուհետեւ միջազգային մրցաշարերում ներկայացնելու է մեր երկիրը:

Նա այժմ մասնակցում է Երեւանում մեկնարկած կանանց Հայաստանի 67-րդ առաջնությանը: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Դոլուխանովայի հետ հետ:

Եվգենյա, քո տեղափոխությունը մեծ անակնկալ էր շատերի համար: Ինչո՞ւ նման որոշում կայացրիր:

Դեռեւս չեմ կարողանում գտնել այդ հարցի կոնկրետ պատասխանը: Հայաստան տեղափոխվելու միտքը վաղուց էր ծագել իմ մոտ, պարզապես երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել այդ հարցում: Նախորդ երկու տարիներին մի քանի նպաստող գործոններ հաջորդեցին միմյանց եւ ես որոշեցի տեղափոխվել Հայաստան:

Անդամագրվելով Հայաստանի շախմատային ֆեդերացիային,  ի՞նչ խնդիր ես դրել:

Իմ առաջնահերթ նպատակը Հայաստանի կանանց հավաքականի կազմում ընդգրկվելն է: Դրա համար էլ մասնակցում եմ Հայաստանի այս տարվա առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում է նաեւ հավաքականի միակ թափուր տեղը: Պետք է կամ գրավեմ առաջին տեղը, կամ էլ եթե Մարիա Կուրսովան դառնա չեմպիոն, ով արդեն հավաքականի անդամ է, գոնե զբաղեցնեմ երկրորդ տեղը:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի կանանց շախմատի մակարդակը:

Եթե համեմատենք Հայաստանի տղամարդկանց շախմատի հետ, ապա տարբերությունը շատ մեծ է: Նախկինում քիչ թվով կին գրոսմայստերներ կային Հայաստանում, ուստի մրցակցությունը թույլ էր: Կարծում եմ, որ իմ եւ Մարիա Կուրսովայի տեղափոխությունը կնպաստի մրցակցությանը, իսկ այն որքան լարված լինի, այնքան մենք շատ կձգտենք պայքարի, իսկ դա, ինքնին, կնպաստի կանանց շախմատի զարգացմանը:

Նախորդ անգամ ե՞րբ էիք եղել Հայաստանում:

Անցած տարվա օգոստոսին մասնակցել եմ Համահայկական խաղերի շախմատի մրցաշարին: Դրանից առաջ, փետրվարին, ներկա եմ եղել իմ եղբոր եւ Հայաստանի գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանի հարսանիքին:

Երեւանում որտե՞ղ եւ ո՞ւմ հետ ես ապրում:

Ես բնակարան եմ վարձել եւ միայնակ եմ ապրում:

Դժվա՞ր է միայնակ կյանք վարելը:

Ես արդեն բավականին չափահաս եմ եւ ինքնուրույն եմ որոշումներ կայացնում: Բացի այդ մենակ ավելի լավ եմ կենտրոնանում եւ լավ եմ պատրաստվում մրցումներին:   

Անձնական մարզիչ ունե՞ս:

Այո: Ուկրաինացի շախմատիստ Միխայիլ Բրոցկին է, որի հետ մշտապես կապ եմ պահում սկայպի օգնությամբ:

Զրուցեց Գարիկ Հովսեփյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ