News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոտ օրերս պարզ կլինի  Հայաստանը կմասնակցի՞ 2012թ մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` չնշելով, թե կոնկրետ որ օրը: Անդրադառնալով «Եվրատեսիլ»-ի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերի խոսքին, որ Հայաստանի hանրային hեռուստաընկերությունը չի դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)`Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով` նա նշեց, որ ԵՀՄ-ի հետ բանակցություններն ընթանում են թե գրավոր, թե բանավոր կերպով: «Մեր բանակցությունը մեր խնդիրն է, այն ամենի մասին, ինչ մենք բանակցում ենք, մենք գիտենք,  դա մեր խնդիրն է: Դա պահանջում է յուրահատուկ մոտեցում, այդ ամենը պետք է շատ ավելի լուրջ հարթության վրա դիտվի»,- ասաց Գոհար Գասպարյանը`  հավելելով, որ ԵՀՄ-ն իր իրավունքների սահմաններում արել է այն, ինչ կարողացել է, Ադրբեջանն էլ ներկայացրել է անվտանգության երաշխիքները, սակայն խնդիրն այլ է` այդ ներկայացված երաշխիքները մեզ բավարարո՞ւմ են, թե` ոչ:

Նշենք, որ «Մեդիամաքսի» հետ  զրույցում Եվրատեսիլի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերն (Sietse Bakker) ասել է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը  չի դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով: Սիետսե Բաքերը նշել  է, որ «մենք նախորդ տարվա հունիսից երկխոսություն ենք վարում Հ1-ի հետ` «Եվրատեսիլ-2012» մրցույթում իրենց մասնակցության առնչությամբ»: «Ներկայումս չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել իրենց մասնակցության հարցը, քանի որ մտադիր ենք մասնակիցների ամբողջական ցուցակը հրապարակել հաջորդ շաբաթ եւ չենք մեկնաբանում առանձին պետությունների մասնակցության հարցը», - ասել է Սիետսե Բաքերը:

«EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա մեր գործառույթը չէ: Սակայն մենք անվտանգության երաշխիքներ եւ ծառայություններ ստանալու հայտով դիմում ենք տեղական հեռարձակողին կամ համապատասխան իշխանություններին/գործընկերներին: Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, մենք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիք ենք ստացել բոլոր պատվիրակությունների համար: Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ քննարկվել է հայաստանյան պատվիրակության հավանական մասնակցության հարցը, որի նպատակն էր հաստատել, որ անվտանգության երաշխիքները տարածվելու են նաեւ հայաստանյան պատվիրակության վրա: Բոլոր հավանական մասնակիցները, այդ թվում `Հ1-ը, տեղեկացվել են Ադրբեջանի վարչապետի կողմից տրված երաշխիքների մասին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանը դեռեւս դեկտեմբերին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մինչեւ Ամանոր պարզ կդառնա` Հայաստանը կմասնակցի՞ 2012թ մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, թե` ոչ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հաղթող են ճանաչվել ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի (Ell/Nikki): Դա էլ հենց իրավունք էր տվել Ադրբեջանին, հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ն անցկացնել իր երկրում:

Նշենք, որ եվրոպական  մի քանի երկրներ երկմտում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու հարցում, կապված այդ երկրում բռնապետական կարգերի հետ: Այդ մասին գրել էր Nouvelles d`Arménie-ն: Արդեն հայտնի է, որ Չեխիան եւ Լեհաստանը չեն մասնակցելու մրցույթին:  Իսկ օրինակ Թուրքիան, «Եվրատեսիլ- 2012» մրցույթում կներկայացնի թուրք երգիչ եւ երաժիշտ Ջան Բոնոմոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ