News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի տարի ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում չեմպիոնի կոչման համար պայքարում են ութ թիմեր: Անցած տարի թիմերից եւ ոչ մեկին չէր սպառնում ուժեղագույնների լիգայից դուրս մնալը, քանի որ առաջին խմբում հանդես էին գալիս Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը: Անցած մրցաշրջանի վերջում հայկական ֆուտբոլը համալրվեց երկու նոր ակումբներով: Հիմնադրվեցին «Ալաշկերտն» ու «Քինգ Դելյուքսը»: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Աբովյանի «Քինգ Դելյուքսի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ:

Զրույցից պարզ դարձավ, որ Աբովյանում հիմնադրվել է երկարաժամկետ ծրագրեր ունեցող ակումբ, որի ղեկավարության նպատակն է վերականգնել քաղաքի ֆուտբոլային ավանդույթները: Ժամանակին նախկին ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում, այնուհետեւ Հայաստանի առաջնություններում հանդես էր գալիս Աբովյանի «Կոտայքը»:

«Քինգ Դելյուքսի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանն ու գործադիր տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը նույնպես ժամանակին խաղացել են «Կոտայքում»:

2012-ին «Քինգ Դելյուքսը» հանդես կգա Հայաստանի առաջնության Առաջին լիգայում, իսկ առայժմ ընթանում է ֆուտբոլիստների ընտրություն: Արմեն Սանամյանը նկատեց, որ Առաջին լիգայում հանդես եկող բոլոր թիմերն էլ երազում են Բարձրագույն խմբի մասին, սակայն իրենց ակումբի գլխավոր նպատակն է ստեղծել լավ հիմքի վրա ակումբ, որի շնորհիվ մարզասերները կգան Աբովյանի քաղաքային ստադիոն: Ստեղծվում է թիմ ապագայի համար: Այժմ Սանամյանի գլխավորությամբ թիմում փորձաշրջան են անցնում 30 ֆուտբոլիստներ: Բայց այդ թիվն էլ վերջնական չէ: Մարզիչները պատրաստվում են ներգրավել եւս 20 ֆուտբոլիստների: Թիմում կմնան 20-23 տարեկան 25 ֆուտբոլիստներ: Սանամյանը հայտնեց, որ այդ ֆուտբոլիստները ժամանակին խաղացել են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում եւ տարբեր պատճառներով մնացել են առանց ակումբի:

Հայաստանի պատանեկան թիմերի հետ աշխատած Արմեն Սանամյանը լավ ծանոթ է այդ ֆուտբոլիստների ներուժին. «Մենք հնարավորություն կտանք նրանց դրսեւորել իրենց: Մեր նպատակներին հասնելուն համառ աշխատանք է սպասվում: Ես հույս ունեմ, որ մենք կստեղծենք մի թիմ, որը մեր ֆուտբոլին լավ կադրեր կտա: Ակումբի ծրագրերում է լավ խաղացողների գտնել Աբովյանում: Քաղաքը հարուստ է տաղանդներով, բայց նրանց պետք է բացահայտել: Հենց դա է թիմի գլխավոր խնդիրը»:

«Քինգ Դելյուքսը» մարզումները սկսել է հունվարի 10-ին «Կիլիկիա» մարզադահլիճում: Փետրվարի սկզբից թիմը մարզումներ կանցկացնի նաեւ խաղադաշտում: Այդ փուլում մարզչական շտաբը կորոշի կազմը: Դրանից հետո նախատեսված են ստուգողական հանդիպումներ «Փյունիկի», «Միկայի», «Ուլիսի» եւ «Բանանց-2»-ի հետ:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ