News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, այսօր` հունվարի 18-ին, որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը:

ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը  զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 11:40-ին մահացել է ջրծաղիկ հիվանդությունից` թողնելով անպատասխան հարցերի մի շարան:

Հայկի հայրը որդու հետ  վերջին խոսակցությունների ժամանակ պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել են վազել 10 կիլոմետր: Դեկտեմբերի 29-ին՝ Հայկի մահվանից մեկ օր առաջ, նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր: Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա, եւ, որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ  Խաչատրյանը մահացել է: Մահվան պատճառը հարազատների համոզմամբ՝ զորամասի հրամանատական եւ բուժանձնակազմերի անտարբերությունն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ