News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր երեկոյան, ժամը 17:50-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Մուշ 2 թաղամաս տանող ճանապարհահատվածում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթակել Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանին, ով տեղում մահացել է, հաղորդում է NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը:

Ըստ ականատեսների, Գեւորգը եղբոր հետ ճանապարհը հատելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նրա եղբայրը՝ 24-ամյա Լեւոն Կիրակոսյանը պատմել է, որ ճանապարհը հատել է նախ ինքը, հետո հետեւից վազել է եղբայրը եւ մեծ արագությամբ սլացող մեքենան հարվածել է նրան:

«Հարվածից հետո, վարորդը եկավ գրկեց, ասեց զարկերակն աշխատում է: Ես վազեցի մերոնց հետեւից, որ ասեմ, մինչեւ եկա, շտապօգնությունն էլ էր եկել, ասացին մահացել է»,-պատմեց դեպքին ականատես, մահացածի եղբայր Լեւոն Կիրակոսյանը:

Նրա խոսքով, իրենք կարճ ճանապարհով Մուշից գնալիս են եղել Մայիսյան գյուղ՝ աշխատանք փնտրելու: «Զանգեցինք Մայիսյանի ջրաղաց, ասացին, եկեք գործի համար խոսենք, ու ճանապարհին այս դեպքը պատահեց»,-պատմել է Լեւոնը:

Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները: Սովորաբար, Մուշ թաղամաս տանող այս ճանապարհահատվածն, ըստ մասնագետների, համարվում է պատահարների համար նպաստավոր: «Արագընթաց ճանապարհ է, ոչ լավ լուսավորված եւմառախլապատ, վթարների ու նման դեպքերի համար խիստ նպաստավոր: Մենք միշտ կարգախումբ ունենք, հսկում ենք, բայց կանխել նման դեպքերը միշտ չէ, որ հաջողվում է»,-NEWS.am-ի թղթակցին դեպքի վայրում փոխանցել է Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Նիկողայոս Եղիազարյանը:

Գեւորգ Կիրակոսյանն ապրում էր մոր եւ եղբոր հետ: Հարեւանների վկայությամբ, ընտանիքի միակ կերակրողն էր:

Ավելի ուշ պարզ է դարձել 20-ամյա տղային վրաերթի ենթարկած երիտասարդի ինքնությունը: Նա Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի բնակիչ, 21-ամյա Հրանտ Ղարիբի Ներսիսյանն է:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ