News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մենք ընդունել ենք Հոլոքոսթը, մենք ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոսթի ժխտման համար պատիժ նախատեսված է եւ անհասկանալի է, թե ինչու այդ երկու ցեղասպանությունների միջեւ հավասարություն դրված չէ»: Այդ մասին հայտարարել է սենատոր Ռոժե Կարուչին կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:

Սենատորի խոսքով, կառավարող խմբակցությունում միացյալ կարծիք չկա օրինագծի վերաբերյալ: Նա նաեւ տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող են պատմաբաններն իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ ընտրություն անել, որ պետք է անեին քաղաքական գործիչները. «Չպետք է ասել պատմաբաններին, որ նրանք հստակեցնեն այն, ինչ պետք է աներ պետությունը: Պատմաբանները կասեն` դա մեր գործը չէ, մեր գործը փաստերը հաստատելն է: Հենց խորհրդարանում պետք է ընդունվեն նման որոշումները»:

Կարուչին նաեւ նկատել է, թե Ֆրանսիան ընդունել է Հոլոքոսթը, ընդունել է Ցեղասպանությունը, սակայն Հոլոքոսթի ժխտման համար պատիժ նախատեսված է, եւ անհասկանալի է, թե ինչու այդ երկու ցեղասպանությունների միջեւ հավասարություն դրված չէ: Որտե՞ղ է արդարությունը: Ինչ վերաբերում է ինձ, ես հիացած եմ օսմանյան պատմությամբ, բայց ուզում եմ ասել ժամանակակից Թուրքիային, որ ոչ միշտ է պատմությունը փառապանծ, կան էջեր, որ պետք է ընդունել եւ շարժվել առաջ: Այն, որ Թուրքիան հաշտեցման գործընթաց սկսեց Հայաստանի հետ, պատիվ է բերում իրենց, սակայն ցեղասպանության բոլոր զոհերն ու ժառանգները պաշտպանության իրավունք ունեն»:

Կանաչների խմբակցության սենատոր Էսթեր Բենբասան դեմ է արտահայտվել օրինագծի ընդունմանը` միաժամանակ նկատելով, որ ոչ ոք չի հերքում ցեղասպանության փաստը: «Թուրքիան պետք է ճանաչի իր պատմության սեւ էջը, սակայն տվյալ օրինագիծը անօգուտ է: Պատմությունը չի կարող գրվել խորհրդարանում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:  Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ