News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց, որ հումանիստական արժեքների կրող է, հաստատեց, որ հանցագործության ժխտումը նույնպես հանցագործություն է եւ արժանի է դատապարտման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

«Որպես Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանի փոխխոսնակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Սենատին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Այս պահին կցանկանայի հիշել բոլոր այն «բարյացակամներին», որոնք պնդում էին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ հարակից գործընթացներն իբր կարող են վնասել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Նրանց բոլոր հայտարարությունները չքացել են եւ այս տարիների ընթացքում շատ բան է արվել: Այս գործում էական ներդրում ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դրան էր ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Անգնահատելի է օրվա հերոսի` Ֆրանսիայի ներդրումը», - հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ այս գործընթացը պետք է շարունակել:

«Մենք կշարունակենք այնքան ժամանակ մինչեւ չտեսնենք, թե ինչպես է Թուրքիայի խորհրդարանը ճանաչում Հայոց ցեղասպանությունը», - նշեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը:

Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը:

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

Թուրքիան մինչեւ օրինագծի քննարկումը բազմաթիվ սպառնալիքներ էր տեղացել Ֆրանսիայի հասցեին, իսկ Ֆրանսիայում ապրող թուրքերի հիմնական թիրախը դարձել էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ