News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը շատ մեծ նշանակություն կունենա ԵՄ մյուս երկրների քաղաքական եւ իրավական որոշումների համար, չի բացառվում, որ Ֆրանսիայի օրինակին հետեւեն նաեւ Եվրոպական երկրները եւ ԵՄ կառույցները: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին եւ շեշտելով, որ այն արտահայտում է ֆրանսիական հասարակության հակաիսլամական տրամադրությունները:

«Եթե այսպես շարունակվի, ապա Ցեղասպանության խնդիրը կդառնա նախապայման ԵՄ-ի  եւ Թուրքիայի հարաբերությունների համար»,-ասաց Մինասյանը: Քաղաքագետի կանխատեսմամբ` Թուրքիայի արձագանքը նյարդային եւ կոշտ կլինի, որը բացասական կընդունվի Եվրոպայի կողմից: «Եթե Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակվի, չի բացառվում, որ մի քանի տարի անց Ֆրանսիայում ընդունվի Ցեղասպանության ժխտման դեմ մեկ այլ օրինագիծ`ավելի շատ տուգանք վճարելու սկզբունքով, քան այժմ է»,-ասաց Մինասյանը: Նրա խոսքով` այս քայլով նույն հարթության մեջ են ե´ւ Հրեական հոլոքոստը, ե´ւ Հայոց ցեղասպանությունը:  «Միաժամանակ հասկանալի էր, որ այս օրինագիծը չէր ընդունվի, եթե չլիներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քաղաքական կամքը»,- ասաց նա: 

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Իսկ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Թուրքիան մինչեւ օրինագծի քննարկումը բազմաթիվ սպառնալիքներ էր տեղացել Ֆրանսիայի հասցեին, իսկ Ֆրանսիայում ապրող թուրքերի հիմնական թիրախը դարձել էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ