News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ախուրյան գետի ափամերձ տարածքում, հունվարի 20-ին, մեկ եւ երկու տարեկան երեխաների մայր, 22-ամյա Կիմա Պողոսյանի ցրտահարությունից մահվան վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երիտասարդ աղջկա դիակը հայտնաբերել են մոտակա բնակավայրի բնակիչները` սառած վիճակում: Ոստիկանություն զանգահարողը եղել է Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը, նա տեղյակ է պահել, որ աղջկա դին գյուղի ամայի մի տարածքում գտել են առափեցիները ու վախեցել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու տարածքում գտնվող բջջային հեռախոսի օգնությամբ պարզել մահացածի ինքնությունը: Նա Գյումրիի նախկին բնակիչ, 22-ամյա Կիմա Պողոսյանն է:

Այս գործով զբաղվող քննիչ Արմեն Միքայելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հունվարի 19-ի գիշերը ժամը 11:30-ի սահմաններում, Գյումրիի Սեւերսկի կոչվող թաղամասում գտնվող հայրական տնից դուրս է եկել ու այդ օրը տուն չի վերադարձել: «Իր մոր պատմելով, նա, շատ կներեք, ասել է, որ զուգարան է գնում, դուրս է եկել, առանց վերարկուի, ու էլ տուն չի եկել, անընդհատ զանգահարել են, չի պատասխանել, զանգահարել են ամուսնու հարազատներին, իրենք էլ տեղյակ չեն եղել, թե ուր է Կիման»,-նշեց քննիչը:

Կիման մի քանի տարի է ամուսնացած է Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղում եւ ինչպես ծնողներն են պատմել, դեպքի օրը նա ամուսնու հետ գտնվել է Գյումրիում, վիճաբանել են, ամուսինը` 23-ամյա Անդրանիկ Հակոբյանը Գյումրիի Անի թաղամասում բնակվող իր հորաքրոջ տուն է մեկնել, իսկ Կիմա Պողոսյանը բարկացած հեռացել է տնից:

Կիմայի ամուսինն իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ ամուսիններով հաճախակի են վիճել, Կիման հաճախակի է ցանկություն հայտնել գյուղից տեղափոխվել, ամուսնու եւ երկու երեխաների հետ բնակություն հաստատել Գյումրիում, ինչին չի համաձայնել ամուսինը:

«Անդրանիկը պատմեց, որ իրար շատ են սիրել, ամուսնացել են, բայց Կիման գյուղը չի սիրել, իրար չեն հասկացել ու անընդհատ կռվել են: Անդրանիկի պատմելով, կինը  չի համաձայնել ապրել գյուղում, քանի որ այստեղ աշխատանք չկա, իրենք էլ սոցիալական ծանր վիճակի մեջ են»,-նշեց քննիչ Արմեն Միքայելյանը:

Քաղաքում նաեւ խոսակցություններ են շրջանառվում, թե Կիման այդ օրը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, այդ պատճառով էլ ծնողները հանդիմանել են ու վերջինիս ցուրտ եղանակին դրսում թողել:

Սակայն քննիչը մեզ փոխանցեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել եւ Կիման, նախնական վարկածով, ցրտահարվել ու մահացել է: «Այն վայրը, որտեղից հայտնաբերվել է նրա մարմինը, այնպիսի մի տարածք էր, որ մենք ենթադրում ենք, որ աղջիկը մոլորվել է , ինքը պարզապես չի գտել հետդարձի ճանապարհը ու այդտեղ ընկել է: Իսկ խմած եղել է, թե` ոչ, չգիտեմ, մենակ տեղյակ եմ որ ինքը Գյումրի եկել է բարեկամների նոր տարին նշելու ու հնարավոր է երկու բաժակ խմել է, չգիտեմ»,-փոխանցեց քննիչը:

Ավելի ուշ քննչական մարմնից մեզ փոխանցեցին, որ կատարվում է դատաբժշկական փորձաքննություն եւ երիտասարդ աղջկա մահվան պատճառներն առաջիկայում հայտնի կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ