News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական հարաբերություններում կան առավել հրատապ խնդիրներ, քան հայոց լեզվի դասաժամերի քանակը, եկեղեցու հետ կապված եւ այլ հարցերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն: Նրա կարծիքով` հայ եւ վրացի ժողովուրդներին, ինչպես նաեւ Հայաստանին եւ Վրաստանին ավելի շատ բան է միավորում, քան տարանջատում:

«Հաշվի առնելով իրավիճակը, որում այսօր գտնվում է տարածաշրջանը, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, չարժե ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցերի վրա»,-նշեց նա:

Խոսելով Վրաստանում հայերի վիճակի եւ հայ համայնքի խնդիրների մասին`  քաղաքագետը խոստովանեց, որ նման խնդիրներ գոյություն ունեն:  «Այո, այդ խնդիրները կան, սակայն դրանք սոցիալական բնույթ ունեն: Ջավախքը Վրաստանի ամենահետամնաց շրջաններից է, այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են... Այդպես էր դեռ Խորհրդային Միության տարիներին: Սակայն այսօր 21-րդ դարն է, եւ այդ հարցերը հարկ է լուծել  վրացական իշխանությունների եւ տեղի բնակչության միջեւ քաղաքակիրթ երկխոսության միջոցով, համատեղ: Դա միակ արդյունավետ սցենարն է»,-վստահություն հայտնեց փորձագետը:

Ցինցաձեի կարծիքով` Ջավախքի հայերի հիմնական խնդիրներից մեկը վրացերենի չիմացությունն է. «Լեզվի չիմացությունը նրանց առջեւ փակում է բոլոր դռները, այդ թվում`կառավարական կառույցներում ներկայացված լինելու հնարավորությունը: Իրականում Ջավախքի հայերին հարկավոր է  հենց այնտեղ` խորհրդարան, նրանք պետք է պատգամավոր ունենան օրենսդիր մարմնում, որպեսզի բարձրացնեն հարցեր, ներկայացնեն տեղի բնակչության շահերը»,-ընդգծեց զրուցակիցը:

Ցինցաձեի խոսքով` այս եւ այլ հարցերի լուծման համար  ոչ թե պետք է փոխադարձ ցեխ շպրտել, այլ հարկավոր է երկխոսություն, կառուցողական մոտեցում:

Որպես նման ոչ կառուցողական մոտեցման օրինակ Ցինցաձեն նշել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական պատագամավոր  Շիրակ Թորոսյանի «թշնամական» արտահայտությունները: Նա ոչ կառուցողական է համարել նաեւ Վահագն Չախալյանի պահվածքը. «Այս ամենը չի նպաստում հայկական եւ վրացական կողմերի միջեւ հրատապ խնդիրներով երկխոսության հաստատմանը»,-նկատեց Ցինցաձեն:

Փորձագետն անդրադարձավ նաեւ հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ վեճին` նշելով, որ դա  պետք է լուծեն եկեղեցիները, ոչ թե աշխարհիկ իշխանություններն ու հասարակական շրջանակները: «Այո, ես եւս մեկ անգամ կրկնում եմ եւ չեմ հոգնում կրկնելուց` կան խնդիրներ, խնդիրներ եւ դարձյալ խնդիրներ,  սակայն դրանք պետք է լուծել, ոչ թե ողբերգականացնել: Կա՞ ն եկեղեցիների հետ կապված խնդիրներ` թող հոգեւորականները լուծեն,  կա՞ ն կրթական խնդիրներ, խնդրեմ, թող լուծեն կրթության նախարարները: Դա ավելի իմաստուն կլինի»,-վստահություն հայտնեց քաղաքագետը:

Ցինցիձեն հատուկ ընդգծեց, որ այն մթնոլորտը, որը հայական ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է` կապված Վրաստանում հայ համայնքի վիճակի հետ, իրականությանը չի համապատասխանում: «Վրաց ժողովուրդը բարեկամաբար, եղբայրաբար է վերաբերվում  այստեղ բնակվող հայերին, նրանց հավատին, ավանդույթներին»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ