News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայազգի ցանկացած քաղաքացու պարտքն է ստորագրել ՌԴ-ի Պետդումային ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում է ընդունել նացիզմի հանցագործության եւ 1915-22 թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Այդ մասին «ТВ3В» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է  Հայկական գիտական տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնի տնօրեն Արտավազդ Թուլումջյանը:

«Ռուսական ասացվածք կա` պառկած քարի տակով ջուր չի հոսում: Այսպես էլ այս հարցում է, վաղ թե ուշ մենք պետք է այն բարձրացնեինք», - Թուլումջյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթը:

«Եթե մենք լռենք եւ մնանք ՌԴ-ի Պետդումայի 1995 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ՌԴ-ի Պետդումայի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայտարարության մակարդակին, ապա աստիճանաբար այդ ամենը կմոռացվի, ուրիշ ուժերի կողմից էլ այն կհանվի օրակարգից: Հայ ազգի համար ցեղասպանության հարցը կենտրոնական է մնում. Գոյություն ունեն տարածքների, բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման հարցեր: Այդ պատճառով մենք, լինելով ամենամեծ հայկական համայնքներից մեկը, չենք կարող մի կողմ քաշվել: Եթե այս գործընթացն արդեն աշխարհում գնում է  եւ գնում է աճող տեմպերով, ապա ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքացի ամեն հայի պարտքն է ստորագրել դիմումի ներքո», - նշել է նա:

Նշենք, որ ակցիան տարվում է «Սոչիի հայերի միություն» (ՍՀՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Սոչիի հայերի նախաձեռնության աջակցությամբ են հանդես եկել նաեւ ոչ հայկական կազմակերպություններ` Շապսուգսկյան հասարակական մշակութային եւ սոցիալական զարգացման «ՆԱՐԹ ԽԱՍԷ» հիմնադրամը, Սեւծովյան կազակական զորքերի Կուբանի կազակական շրջանի Լազարյան տարածաշրջանային թաղամասը, Սոչիի հույների միությունը եւ ռուսական հայտնի «Կրեմատորի» ռոք խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ