News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Կյանքի 83-րդ տարում մահացել է Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի հնագույն դերասաններից մեկը` Հանրապետության վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամիրգուլյանը:

Այս կապակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Տոհմիկ երեւանցի Ռազմիկ Վաղարշակի Ամիրգուլյանը ծնվել էր 1929 թվականի ապրիլի 6-ին: Նա իր թատրոնից մեծ էր ընդամենը յոթ ամսով… 1943 թվականին դպրոցական Ռազմիկ Ամիրգուլյանն ընդգրկվում է ՊՀԹ օժանդակ կազմում, մասնակցում մի շարք բեմադրությունների: Թատրոնի հիմնադիրներից մեկը` Տիգրան Շամիրխանյանը, հավանում է պատանուն, նրա մեջ տեսնում շնորհաշատ արվեստագետին եւ հանձնարարում դերեր, որոնք ամբողջապես բացահայտում են պատանի դերասանի ստեղծագործական նախասիրությունները: Մոտ վեց տարի այս թատրոնում աշխատելուց հետո` 1949-1953 թվականներին Ռազմիկ Ամիրգուլյանը ծառայում է խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո` 1953-ին, ընդունվում Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` ականավոր բեմադրիչ եւ մանկավարժ Արմեն Գուլակյանի արվեստանոց: Խստապահանջ Արմեն Գուլակյանը չափազանց ժուժկալ էր գնահատականների հարցում, սակայն նա շռայլորեն գնահատել է Ռազմիկ Ամիրգուլյանին եւ խորհուրդ տվել վերադառնալ պատանի հանդիսատեսի թատրոն: 1958 թվականից, դեռեւս ուսանող, Ռազմիկ Ամիրգուլյանը անդամագրվում է պատանի հանդիսատեսի թատրոնի ստեղծագործական անձնակազմին եւ այստեղ մնում մինչեւ իր կյանքի վերջը` այսպիսով արձանագրելով բեմական երկարակեցության անօրինակ փաստ. Ռազմիկ Ամիրգուլյանը պատանի հանդիսատեսի թատրոնին տվեց իր կյանքի մոտ յոթանասուն տարիները` այս ընթացքում խաղալով հարյուրից ավելի դեր, մարմնավորելով բազմազան ու բազմաբնույթ տիպարներ, որոնցից ամեն մեկն ազգային տիպական բնավորության դրոշմն ուներ: Ռազմիկ Ամիրգուլյանը ճանաչված էր որպես ,,փոքր դերերի,, դերասան, ինքնատիպ դերասանմական անհատականություն, ով կարողանում էր դերածավալի շրջանակներն ընդլայնել, հասնել տպավորիչ բնութագրականության եւ արտահայտչականության: Հանդիսատեսի հիշողության մեջ են մնացել նրա Վասոն ու Գիքորը` Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմավորման մեջ, Մարմարովը` ,,Քանդած օջախում,, եւ Սարգիսը` «Խաթաբալա»-ում, Բենիամինը` Վ. Պետրոսյանի «Չապրած տարիներ», Աֆանասեւը` «Գարնանը կվերադառնամ», Ձիապանը` «Մեր գյուղը գետի այն ափին է», Նինոսը` «Եղիղի երկիր», Անտոնը` «Ալվան ծաղիկ», Ժամկոչ Վահրամը` «Կարմիր կիրակիի զինվորը», բազմաթիվ այլ կերպավորումներ, որոնք առանձնանում էին կոլորիտային ընդգծումներով, շեշտված թատերայնությամբ, ինչը բխում էր թատրոնի գեղագիտական սկզբունքներից:

Ռազմիկ Ամիրգուլյանը 1980 թվականին արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Նա նկարահանվել էր մի շարք ֆիլմերում:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական հրաշալի փաղանգի վերջին մոհիկաններից մեկն էր Ռազմիկ Ամիրգուլյանը, հրաշալի նկարագրի տեր անհատականություն, ում անունը մեկընդմիշտ կապակցված է այս թատրոնի պատմությանը:

Սիրված դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 14-ին, Տիգրան Շամիրխանյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնից»:

Տպել
Partner news