News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Բանակում, խաղաղ պայմաններում սպանված Արտակ Նազարյանի դատական գործը կոծկելու նպատակով, այն Երեւանի Շենգավիթի դատարանից տեղափոխվում է Տավուշի մարզ` Իջեւանի դատարան: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Նազարյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով, գործն Իջեւան տեղափոխելով ցանկանում են, արագ տնավարի գործը փակել: Փաստաբանը համոզված է, որ գործի տեղափոխությունից հետո բոլոր վկաները չեն ներկայանա դատարան եւ դատարանը բավարարվելու է նախաքննական ցուցմունքերը դատարանում հիմք ընդունելով:

«Դատավոր Մարդանյանն արդարադատություն իրականացնելու նպատակ չունի: Իր առաքելությունը լինելու է նախաքննական ցուցմունքներով գործը փակելը: Դա բարդ էր կատարել Երեւանում, երբ գործին հետեւում էին լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ մի շարք հ/կ-ներ: Այդ առումով եւս այնտեղ հեշտ է կեղծ դատավաությունը մարսելը»,- ավելացրեց Մուշեղ Շուշանյանը:

Վերջինս միաժամանակ համոզված է, որ այս որոշումը դատավոր ինքնուրույն չի կայացրել, այլ այս ամենի թիկունքում կանգնած է զինդատախազը:

Ի դեպ, թե’ փաստաբանը, թե’ Արտակ Նազարյանի իրավահաջորդը` նրա քույր Ծովինար Նազարյանը նշեցին, որ բոլոր հնարավոր միջոցներին դիմելու են, որ գործը կրկին տեղափոխվի Երեւան եւ չեն պատրաստվում Իջեւանում տեղի ունենալիք «ֆարսին» մասնակցել:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:

Տպել
Ամենաշատ