Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իտալիան «կփլուզվի», եթե շարունակի աջակցել Ուկրաինային։

Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր Telegram-ի էջում բոլորին հիշեցրել է, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար և գրել է, որ «քանի դեռ Իտալիայի կառավարությունը անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան լիովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։

Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը որակել է «գռեհիկ» և «քաղաքակիրթ երկրում անընդունելի»։

«Երբ ողբերգություն է տեղի ունենում, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց և տուժած աշխատողների հաշվին։ Մենք երբեք այդպես չենք վարվել, երբ ողբերգություններ են տեղի ունեցել Ռուսաստանում, մենք միշտ համերաշխություն ենք հայտնել», - ասել է նախարարը։

Հռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել է նոյեմբերի 3-ի ցերեկը։ Կառույցը վերանորոգման մեջ է և միջադեպի պահին աշտարակում եղել է չորս աշխատող։ Նրանցից մեկը մնացել է փլատակների տակ և փրկարարները նրան կարողացել են այնտեղից հանել միայն մի քանի ժամ անց։ Ավելի ուշ աշխատողը մահացել է հիվանդանոցում։