Ադրբեջանի 2026թ․ պետական ​​բյուջեով պաշտպանության եւ անվտանգության ծախսերի համար նախատեսված է ավելի քան 8 միլիարդ մանաթ։ Այս մասին, ըստ APA-ի, հայտնել է պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արզու Նագիեւը՝ իրավական քաղաքականության եւ պետականաշինության, պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ տարածաշրջանային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում։

Նա նշել է, որ այս ծախսերը կազմում են բյուջեի 21 տոկոսը եւ ավելի քան 318 միլիոն մանաթով գերազանցում են ընթացիկ տարվա ցուցանիշը։ «Այս ոլորտում նախատեսված բյուջետային ծախսերը կամրապնդեն Ադրբեջանի ներքին կայունությունը, պաշտպանական կարողությունները եւ տարածաշրջանային անվտանգության քաղաքականությունը։ Տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ անվտանգություն հասկացությունը այլեւս չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով։ Այն նաեւ ներառում է տեղեկատվական պատերազմը, կիբեռսպառնալիքները, սահմանային անվտանգությունը, հասարակական կարգը եւ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունը»,- հայտնել է Նագիեւը։