Ռուսաստանի խոշորագույն «Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով ձեռք է բերել Հայաստանում խոշորագույն ինտերնետային GNC-Alfa օպերատոր ընկերության բաժնետոմսերի 75%-ը` հանած մեկ բաժնետոմս: Այս մասին նշվում է ռուսաստանյան ընկերության հաղորդագրության մեջ:
«Այս գործարքը Ռուսաստանի սահմաններից դուրս առաջին ձեռքբերումն է` «Ռոստելոկոմի» միջազգային զարգացման քաղաքականության շրջանակում»,-նշել է «Ռոստելեկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը:
«GNC-Alfa-ի նկատմամբ վերահսկողությունը «Ռոստեկելոմին» թույլ կտա ենթակառուցվածքային զարգացած հիմք ունենալ հայաստանյան հեռահողորդակցության շուկայում, որն աճի ներուժ ունի, ծառայությունների մատուցման համար»,-ավելացրել է նա:
GNC-Alfa օպտիկամանրաթելային մալուխների միջոցով է ծառայություն մատուցում եւ ծածկում է Հայաստանի տարածքի 70% -ը, ունի 1,5 հազ. կմ ձգվածություն: Ընկերության ցանցը միացած է տարածաշրջանի հիմնական գծերի եւ հանգույցների հետ: 2011թ. GNC-Alfa-ի հասույթը հասել է 12 մլն դոլարի: Ընկերության մաքուր պարտքը գործարքի պահին կազմել է 1 մլն դոլարից ավելի պակաս:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի»` GNC-Alfa –ն գնելու մտադրության մասին հայտնի է դարձել հունվարի 13-ին: Հնարավոր է, որ «Ռոստելեկոմը» ձեռք բերի նաեւ խոշոր ինտերնետ պրովայդեր Ucom-ի բաժնետոմսերը:



























