Հայաստանին կհատկացվի 15 միլիոն եվրո, որը կօգտագործվի խաղաղության և Հայաստանի դիմադրողականության ամրապնդման համար: Կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ, կկազմակերպվեն ականազերծման դասընթացներ և կտրամադրվեն սարքավորումներ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Իհարկե, Հայաստանը նաև այլ խնդիրներ ունի։ Ռուսաստանը և նրա պրոքսիները տեղեկատվական քարոզարշավներ են իրականացնում Հայաստանում՝ ընտրությունների նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ օգտագործվում են այն նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում։ Սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի արձագանքել օտարերկրյա միջամտությանը։

Արտաքին միջամտությանը դիմադրելը պահանջում է ողջ հասարակության մասնակցությունը: Մենք ուրախ ենք լսել, որ հենց սա է իրավիճակը Հայաստանում: Ակտիվ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները կարևորագույն նշանակություն ունեն:

Դուք մենակ չեք այս մարտահրավերների առջև, մենք պատրաստ ենք ձեզ ակտիվ աջակցություն ցուցաբերել», - հավելել է Կալասը։