News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական ավանտյուրայի կդիմի, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալա-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի Հյուսիսային Կովկասի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Խոսելով Իրանի դեմ հավանական պատերազմի մասին` փորձագետը կարծիք է հայտնել, որ քանի դեռ Սիրիայի իրավիճակը չի լուծվել այնպես, ինչպես ցանկանում են ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը, նաեւ` Թուրքիան, Իրանի նկատմամբ ագրեսիա չի լինի: Բայց հենց որ Ասադի վարչակարգը հանձնվի, այդ ժամանակ կարելի է ասել, որ Իրանի դեմ պատերազմը կսկսվի մեկ ամիս կամ մի քանի շաբաթ անց:

Նրա խոսքով` ԱՄՆ-ից բացի, Իրանի դեմ կոալիցիայում կմիավորվեն Վրաստանը, Թուրքիան, Իսրայելը, ինչպես նաեւ Պարսից ծոցի միապետությունները:

Այսկերպ, Սկակովի կարծիքով, Իրանի դեմ կոալիցիան բավական լուրջ է, եւ նա որեւէ լուրջ գործոն չի տեսնում այդ երկրներին ագրեսիայից հետ պահելու համար, բացի այն քիչ հավանական գործոնից, որ Ասադի վարչակարգը Սիրիայում կպահպանվի:
Փորձագետը նաեւ հավանական է  համարում, որ Իրանի դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական ավանտյուրայի կդիմի:

«Դա նրանց ձեռքերին  ազատություն կտա, քանի որ Արեւմուտքն ու ամերիկացիները Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվելու, Բաքվի ձգտումներն ու ախորժակը սահմանափակելու ժամանակ չեն ունենա: Այժմ Ադրբեջանը ցանկանում է ռազմական խարդախության դիմել, բայց վախենում է, որ Բաքվի բլիցկրիգը կարող է չստացվել:

Իրանի դեմ պատերազմ սկսվելու դեպքում Բաքուն հնարավորություն կունենա ակնկալելու, որ կարող է ինչ-որ ժամանակ լուրջ առավելությունների հասնել Լեռնային Ղարաբաղի ճակատային գծում եւ գերիշխող դիրք գրավել»,- կարծում է նա:

Մոսկվայի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւի  գնահատմամբ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը հազիվ թե ինչ-որ լայնամասշտաբ գործողություններ կիրառվեն Իրանի նկատմամբ:

Խոսելով ընդհանուր իրավիճակի մասին` փորձագետը համոզմունք է հայտնել, որ ցանկացած ռազմական գործողություն կազդի ոչ միայն տարածաշրջանի պետությունների կայունության վրա, այլեւ իր հետքը կթողնի Կասպից ծովի ենթակառուցվածքային նախագծերի վրա: Գործնականում անխուսափելի կլինի նաեւ Կասպիական տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայությունը, որտեղ մարտական գործողություններ կսկսվեն: «Իրանում ԱՄՆ-ի փորձարկումների արդյունքում» Ռուսաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ կլինի:

«Ի՞նչ մենք (Ռուսաստանը) կստանանք: Առանց այդ էլ անկայուն Հյուսիսային Կովկաս, Պատերազմի մեջ մտած Ադրբեջան, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդիր, խնդիրներ Հարավային Կասպիական տարածաշրջանում. Դա միայն կվնասի մեզ եւ կխթանի առանձին ահաբեկչական շարժումները Հյուսիսային Կովկասում», - ամփոփել է Միխեեւը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ