Վարդենիսում 2 օր առաջ մահացած հայտնաբերված սպան Երևանի բնակիչ 26-ամյա Ալեքս Մ-ն է։ NEWS.am-ի տեղեկություններով նա կոչումով կապիտան էր, ծառայում էր Վարդենիսի զորամասում։ Դեպքը տեղի է ունեցել նրա վարձակալած տանը, որտեղ 1 տարուց ավելի ապրում էր։
«Ալեքսը զինվորական էր, մեկ տարի, գուցե մի քիչ ավելի կլիներ, որ Վարդենիսում այդ տունը վարձակալել էր, մենակ էր ապրում։ Դեպքի օրն էլ է մենակ եղել տանը։ Լսեցինք, որ գազի արտահոսք է եղել, շմոլ գազից է մահացել։ Ահավոր ցավ է, երիտասարդ տղա, ամուսնացած չէր․․․»,- ասաց մեր զրուցակիցը։
Վարդենիսի համայնքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով ևս մահվան պատճառը շմոլ գազն է եղել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել։
Այս առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։
Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։





























