News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է իրավապահ մարմինների գործողությունները, որոնք բերում են լրագրողների նկատմամբ բռնությունների եւ ճնշումների եւ պահանջում անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանին եւ իրականացնել բազմակողմանի եւ անաչառ քննություն:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի հայտարարության՝ 2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:

Հայկ Գեւորգյանը ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:

Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:

Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ:

Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ:

Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել:

Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012 թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ