News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նորանշանակ պետ Հովհաննես  Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է,  որ 2012 թվականի հունիսի 1-ից կներդրվի  «Նոր սերնդի» անձը հաստատող փաստաթղթի` էլեկտրոնային անձնագրի համակարգը: Վերջինիս հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Քոչարյան,  տեւական ժամանակ է խոսվում է էլեկտրոնային անձնագրերի ներդրման մասին, ե՞րբ է սկսվելու գործընթացը:   

«Նոր սերնդի» անձը հաստատող փաստաթղթերի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2011թ. նոյեմբերի 20-ին: Համապատասխան իրավական ակտերը գործողության մեջ կդրվեն 2012թ. հունիսի 1-ից, այսինքն` առաջին էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը կիրականացվի հիշյալ ժամկետում: Մեր գործընկերը` լեհական ընկերությունը, Անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղադրել եւ ծրագրավորել է ժամանակակից սերվեր համակարգիչ: Աշխատանքներ են տարվում երկրորդ (պահեստային) համակարգչի տեղադրման համար: Ավանի հիմնովին վերանորոգված անձնագրային ծառայությունում տեղադրվել է փորձնական համակարգ` քաղաքացիներից կենսաչափական տվյալներ վերցնելու եւ մշակելու նպատակով:

Մեր մասնագետները գերմանական «BAUER+MUCK» գործարանում էլեկտրոնային կառավարման    ենթակառուցվածքների    ներդրման    գրասենյակ    ՓԲ    ընկերության ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացել եւ փորձարկել են նույնականացման քարտ տպագրող մեքենայի աշխատանքներին եւ գործարանային պարամետրերին: Հիշյալ սարքն արդեն իսկ բերվել եւ տեղադրվել է անձնագրային եւ վիզաների վարչությունում: Այս պահի դրությամբ որեւէ խոչընդոտ չենք տեսնում նախատեսված ժամկետում ծրագիրը գործարկելու համար:

Ի՞նչ առավելություններ ունի  բիոմետրիկ անձնագիրը, այդ համակարգին անցնելով` ի՞նչ խնդրներ են լուծվելու:

Էլեկտրոնային անձնագրերը անձին նույնականացնելու ավելի շատ հնարավորություններ են տալիս: Այն իր մեջ ունի տեխնիկական մաս` չիպ, որտեղ կենսաչափական տվյալները մուտքագրելու հնարավորություն կա` մատնադրոշների, լուսանկարի ու ստորագրության: Սովորական անձնագիրը, երբ որ լուսանկարը թերթիկի վրա է փակցված, կեղծելու հնարավորություն ունի, իսկ երբ որ չիպի մեջ են բիոմետրիկ այլ տվյալները, կեղծման հնարավորությունները նվազում են, եւ ստուգողը շատ հանգիստ կարող է անձնագիր կրողից վերցնել իր բիոմետրիկ տվյալները եւ նույնականացում իրականացնել համակարգչի միջոցով եւ 100 տոկոսով համոզվել, որ իր դիմաց կանգնած է կոնկրետ մարդ: Իսկ վստահությունը  բերում է նրան, որ մեր քաղաքացիները  եվրոմիության երկրների  տարածք մտնելով` կարող են օգտվել պարզեցված մուտքի  իրավունքից: Այսինքն` բիոմետրիկ անձնագիրով մեր քաղաքացիներին ազատ տեղաշարժվելու հնարավություները ընդայնվում են, որովհետեւ տվյալ երկները  առավելություն են տալսի այն երկրների  քաղաքացիներն, ովքեր ունեն բիոմետրիկ անձնագիր, քանի որ այդ անձնագիրը անցանկալի անձանց հայտնաբերելու հնարավորությունը մեծացնում է: Սպասարկման որակն է փոխվում նաեւ օդանավակայաններում: Ովքեր ունեն բիոմետրիկ անձնագրեր, նրանց համար կանաչ ճանապարհ է, քաղաքացիներին անհարմարություններ չեն պատճառում: Բիոմետրիկ անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս արագ նույնականացնել:

Ձեր նշանակվելուց հետո ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

Ներկայումս ՀՀ ոստիկանության պետի կողմից խնդիր է դրվել պահպանել ձեռքբերումները եւ զարգացնել մատուցվող ծառայությունների որակը, մեր քաղաքացիների շահերին ու կարիքներին համապատասխանող համակարգված, միատեսակ վարչարարական մեխանիզմների ներդրմանը: Առաջիկայում ծրագրել ենք անձնագրային ծառայությունները բեռնաթափել վարչական նախադեպերով ու գերատեսչական ներքին ակտերով պայմանավորված աննպատակահարմար գործառույթներից, տեխնիկապես հագեցնել բոլոր ստորաբաժանումները, հնարավորինս սահմանափակել թղթային գործավարությունը (փաստաթղթերի թվայնացման միջոցով): Մեծ ուշադրություն է դարձվում վարչական բողոքների քննության որակի նկատմամբ: 

Անձնագրային եւ վիզաների վարչության գործունեության բնագավառում մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Ընդունվել են անձնագրային ծառայությունների գործունեությունը կարգավորող այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն կարգավորել անհրաժեշտ հարաբերությունները, այլեւ` վերահսկելի դարձնել քաքաքացիական ծառայողների գործողությունները, գնահատել դրանք օրինականության տեսանկյունից: Բացի այդ` վարչության կառուցվածքը համապատասխանեցվել է օրենսդրությամբ նախատեսված խնդիրներին, իրականացվել են հակակոռուպցիոն մի շարք միջոցառումներ:

Առաջիկայում սպասվում են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները: Շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների ընտրական իրավունքների պատշաճ իրականցումը շատ բանով պայմանավորված է լինելու ընտրացուցակների ճշտությամբ: Չնայած որ նշված աշխատանքներն են անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են մշտապես` մեր կողմից ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ ընտրողների հասցեները ճշտելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ