News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանին կանչել են ԱԳՆ եւ բացատրություններ պահանջել Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ շվեյցարական կողմի գործողությունների վերաբերյալ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն հայտարարել է դեսպանին, թե Թուրքիայի կառավարությունը անթույլատրելի է համարում շվեյցարական դատախազության գործողությունները:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել։ Թուրք նախարարի դեմ դատական վարույթ է սկսվել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հաստատել է, որ թուրք նախարարի դեմ հետաքննություն է սկսվել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։ Դատախազը նշել է, թե իրենք թեման լուրջ են համարել եւ ուսումնասիրում են, թե արդյոք թուրք նախարարը հերքե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ