ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում կոալիցիա ստեղծել, որը կաջակցի սիրիական ընդդիմադիր խմբավորումներին: Այս մասին փետրվարի 7-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Գաղափարի նպատակը ժողովրդավարական Սիրիային աջակցող երկրների միավորումն է», - ասել է նա եւ հստակեցրել, որ նրանցից շատերը իրենց կարծիքն արտահայտել են ՄԱԿ-ում: «Բայց Արաբական պետությունների լիգայում, Եվրոպայում կա նաեւ երկրների մի մեծ խումբ, որոնց հետ հարկավոր է աշխատել`ամեն հնարավորն անելու համար: Ներկայումս մենք խորհրդակցում ենք, թե դա ինչպես պետք է արվի», - բացատրել է նա:
Նուլանդի խոսքով` արաբական, եվրոպական պետությունների ներկայացուցիչների խոսքերը վկայում են, որ «մենք խոսում ենք ընկերական խմբի ստեղծման մասին, որոնք բոլորը միասին կարող են անել այն, ինչն անհնար է անել ՄԱԿ-ի միջոցներով»: