Ըստ իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթավերջին կապ է հաստատել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու ԱՄՆ նախագահի սպառնալիքների ֆոնին, հաղորդում է Axios-ը։
Դա առաջին ապացույցն է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ կապը բաց է մնում՝ չնայած միջուկային բանակցությունների փակուղուն և երկու երկրների միջև սպառնալիքների փոխանակմանը։
Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Արաղչին և Ուիթքոֆը քննարկել են առաջիկա օրերին հանդիպման հնարավորությունը։
Աղբյուրները չեն հաստատել՝ արդյոք նրանք խոսել են հեռախոսով, թե տեքստային հաղորդագրություններով։ Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը մեկ օր առաջ կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ և առաջարկել է քննարկել միջուկային համաձայնագիրը։ «Մենք կարող ենք հանդիպել նրանց հետ։ Հանդիպումը կազմակերպվում է, բայց հնարավոր է, որ ստիպված լինենք գործել հանդիպումից առաջ՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում», - ասել է նա։





























