News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Բանակում հաշմանդամ դարձած անձանց հաշմանդամության կարգը, հետեւաբար` վճարվող թոշակի մեծությունը որոշում է ոչ թե պաշտպանության, այլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Այդ մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի անգամ հիշեցրեց կառավարության շենքի առջեւ հավաքված ծնողներին, որոնք բողոքում էին իրենց որդու հաշմանդամության կարգը փոխելու դեմ:

Ըստ ծնողի` ժամկետային զինծառայող Արթուր Գրիգորյանը հաշմանդամ է դարձել 2008 թ.` վաշտի հրամանատարի մեղքով: Նրան ենթարկել են գանգուղեղային վիրահատության` հեռացնելով ոսկրի մի հատված: Սկզբնական շրջանում Ա. Գրիգորյանը ստացել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն այնուհետ աշխատանքի եւ սոցիակալան հարցերի նախարարությունը հաշմանդամության կարգը փոխել է երրորդի, ինչն ազդում է թոշակի չափի վրա:

«Ես հարցրել եմ սոցապ նախարարին` ասաց օրենքից դուրս է: Նորից գնացեք դիմեք, ես 3 անգամ դիմել եմ, եթե ինձ եք ուզում դիմել` եկեք նախարարություն, այդ հարցը ինձ հետ կապ չունի»,- ծնողին դիմեց Ս. Օհանյանը: Երբ ծնողները նշեցին, որ զինվորների թոշակի հարցով պաշտպանության նախարարը նույնպես պետք է պատասխանատվություն կրի, Ս. Օհանյանը բարկացած ասաց.  «Ասեք ի՞նչ անեմ` մտնեմ գետնի տակ անեմ, ինձանից կախված չի: Ես նորից կխնդրեմ, եթե ուզում եք նման հերթապահ բաներ ասեմ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ կարգով են նշանակվում բանակում հաշմանդամ դարձած զինվորների թոշակները, սակայն նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը, վարչության պետի հետ խորհրդակցելուց հետո, առաջարկեց այդ հարցով զանգահարել պաշտպանության նախարարություն, քանի որ հարցը գտնվում է նրանց իրավասության ներքո:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի հայտարարությանն այսկերպ արձագանքեց. «Եթե Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը նման կերպ է արձագանքել, ապա դա մեղմ ասած, շատ տարօրինակ է, քանի որ ՀՀ-ում հաշմանդամության կարգը որոշող միակ կառույցն այդ նախարարության ենթակայության տակ գործող բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ