Հաղթանակները, ինչպես նաև պարտությունները վերջնական չեն լինում, իրադրությունները փոփոխվելու հատկություն ունեն. մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր ունեցած սխալներից, արժևորենք այն իրականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, հասկանանք բանակի արժեքը ինչ է և ապրենք այնպես, որ թե բանակը, թե բանակի առջև դրված նպատակները մեր ամենօրյա կյանքով իրականացնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Շանթ» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը, որը համագործակցում է  «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ։

«Բանակի օրը պարզապես տոն չէ, դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Պարզապես տոնելով, տարին մեկ անգամ, գալով, գնալով, խոսելով բանակի մասին, երբեք չենք կարող ունենալ այն բանակը, ինչը որ պետք է ունենանք»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, Շահեն Հարությունյանն ասաց, որ «Բանակի օրվա նախորդող օրը համարել հիշատակի օր, ես չեմ կարող համարել նորմալ և ճիշտ։ Այո, պետք էր ունենալ այդպիսի մի օր, բայց դրա համար կային բազմաթիվ այլ օրեր, օրինակ սեպտեմբերի 27-ը և նմանատիպ շատ օրեր։

Սա միտումնավոր իրականացված ծրագիր է, ստվերելու հենց հունվարի 28-ի արժեքը և օրվա նշանակությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ պայքար պետք է ընթանա, ժողովրդի մեջ այն շերտերը, որոնք չեն ընդունում այս իրականությունը, պետք է պայքար մղեն և արագորեն շտկեն իրավիճակը հենց այսօրվա հետ կապված։ Խոսքը բնավ նրա մասին չէ, որ դուրս գա այս օրը օրացույցի միջից, բայց պետք է ընտրել այլ օր և հասարակությանը ուղղորդել հենց այդ օրը, գալ Եռաբլուր կամ ընդհանրապես հիշատակի օրը կազմակերպել այլ օրվա հետ կապված»։