News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատ ոճի ըմբշամարտը Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է հենակետային մարզաձեւերից: Ազատ ոճի ըմբշներն այժմ մարզվում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերի եւ Եվրոպայի առաջնությունում մարտական կազմով ներկայանալու համար:

Ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանն առայժմ ունի միայն մեկ ուղեգիր: Միհրան Ջաբուրյանը, աշխարհի առաջնությունում զբաղեցնելով հինգերորոդ տեղը, վաստակեց այդ ուղեգիրը 55 կգ քաշային կարգում:

Մեր հավաքականի նախապատրաստական փուլերից մեկը Բուլղարիայում կայացած միջազգային մրցաշարն էր, որի ավարտից հետո NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

Պարոն Բաղդադյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք Բուլղարիայում կայացած մրցաշարից:

Ընդհանուր առմամբ, հավաքականը վատ հանդես չեկավ: Ասեմ, որ մրցաշարն ամենաուժեղներից չէր, բայց միեւնույն ժամանակ էլ թուլ մրցակիցներ չկային: Ամեն դեպքում մեզ համար շատ արժեքավոր փորձ ու պրակտիկա ձեռք բերեցինք: Հանդես եկան 11 ըմբիշներ: 55 կգ քաշային կարգում Գեղամ Բաբախանյանը եւ Միհրան Ջաբուրյանը զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Ընդ որում, երկուսն էլ տակտիկական վրիպումների հետեւանքով պարտվեցին մրցաշարի հաղթողին: Այս ամենը, իհարկե, մենք հաշվի կառնենք` առաջիկա մրցումներում բացառելու համար:

Նարեկ Սանոյանն (60կգ) ու Արթուր Առաքելյանը (66կգ) մեղմ ասած լավ չմասնակցեցին մրցումներին: Սակայն Առաքելյանը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու 60կգ քաշային կարգում, եւ դա կարող է էականորեն փոխել նրա արդյունքները:Այս մրցումներում կային քաշային կարգեր, որոնցում մենք ունեինք երեք մարզիկներ: Փորձառուների հետ մեկտեղ երիտասարդներին էինք փորձարկում: Այս ամենը արվում է նրա համար, որ մենք կարողանանք օլիմպիական վարկանիշային մրցումներում ներկայանալ ամենալավ կազմով ու հասնենք մեր նպատակին: Հիմա մենք առողջ մրցակցության պայմաններում յուրաքանչյուր քաշային կարգում երկու առաջատար մարզիկներից պետք է ընտրենք այն ըմբիշին, ով կկարողանա վարկանիշային մրցաշարերում հանդես գալով`մեր հավաքականի համար ուղեգիր վաստակել:

Այս մրցումներին մասնակցեցին հավաքականի բոլո՞ր թեկնածուները:

Ոչ: Վնասվածքի պատճառով մրցումներին չմասնակցեցին 74 կգ քաշային Մուսա Մուրտազալիևը եւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Ասեմ, որ այս մրցումների համար հավաքականի կազմը ընտրել էինք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի արդյունքներով: Եվ քանի որ մինչեւ Օլիմպիական խաղերի անցկացումը Հայաստանի առաջնություն չենք անցկացնելու, այդ մրցաշարը եղավ վճռականը` հավաքականի կազմի ընտրության հետ կապված:

Դեռեւս երեք օլիմպիական վարկանիշային մրցաշար կա: Սակայն մրցումների անցկացման ժամանակացույցը այնքան խիտ է, որ յուրաքանչյուր ըմբիշից բացի հոգեբանական լավ պատրաստականությունից, պահանջվում է նաեւ ֆիզիկական հիանալի պատրաստականություն: Ապրիլի երկրորդ կեսում Բուլղարիայում եւ Չիանստանում կայանալու են վարկանիշային երկու մրցաշարեր, հետո` մայիսի 2-ից 6-ը վերջին մրցաշարը կկայանա Ֆինլանդիայում:

Ուղեգրեր նվաճելու հնարավորություն դեռ ունենք, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ըմբիշները կազմ ու պատրաստ մոտենան այդ մրցաշարերին: Օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիան, բժշկական անձնակզմը ստեղծել են բոլոր պայմանները նախապատրաստվելու համար: Մեզ մնում է լավ մարզվել ու հասնել ցանկալի արդյունքին: Իսկ ցանկալին դա օլիմպիական ուղեգրերն են բոլոր յոթ քաշային կարգերում: Այսինքն մենք առավելագույն արդյունքին ենք ձգտելու: Սակայն եթե դա չհաջողվի, եւս երեք ուղեգիրն էլ լավ արդյունք կհամարեմ մեր հավաքականի համար: Բոլոր ըմբիշներն էլ հնարավորություն ունեն ուղեգիր նվաճելու: Տեսնենք, թե ինչպես կլինի: Մարտի 17-ից ապրիլի 1-ը մեր հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում: Տեղի ըմբիշների հետ պատրաստվելու ենք մրցումներին:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ