Լիբիայի իշխանությունները Նիգերին կոչ են արել Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սաադիին վերադարձնել հայրենիք : Նիգերը Սաադիին ապաստան է տրամադրել Մուամար Քադաֆիի սպանությունից հետո:
Լիբիայի արտգործնախարար Աշուր բին Հայալը Նիգերի իր գործընկեր Բազումա Մուհամեդի հետ հեռախոսազրույցի ժամանակ իշխանություններին կոչ է արել հանձնել Քադաֆիի որդուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Տրիպոլիի ուղերձի պատճառ է դարձել Սաադիի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, փետրվարի 10-ին նա ելույթ է ունեցել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում` հայտարարելով, որ Լիբիայում ապստամբությունն անխուսափելի է:
Սակայն, չնայած դրան, Նիգերի իշխանությունները հրաժարվել են Քադաֆիի որդուն հանձնելուց, քանի որ վստահ չեն, որ Լիբիայում նրան կսպասվի անկախ եւ անկողմնակալ դատ: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար եւ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարու Ամադուն: Ընդ որում, նա նշել է, որ Նիգերի իշխանությունները խիստ քննադատում են Սաադիի խոսքերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























