Ատոմակայան կառուցելու ռուսական տեխնոլոգիաները ամենավստահելին են, ամենափորձարկվածն են, և մեզ համար շատ հարմար են մի քանի առումով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Նախ վառելիքը մեզ համար ուրիշ տեղից բերելը արդեն պրոբլեմ է։ Մենք ունենք Ղազախստանի և Ռուսաստանի միջուկային վառելիքի փոխադարձ տրամադրելու, աջակցելու պայմանագիր, որը մեզ համար նպաստավոր պայմաններ է ստեղծում այս ատոմային եռյակի հետ լավ աշխատելու։ Ռուսաստանի հետ զուտ տնտեսական տեխնիկական առումով մի քանի առավելություններ էլ կան։ Նախ մեր ամբողջ անձնակազմը այդ տեխնոլոգիաների վրա է կրթվել, զարգացել, պրոֆեսիոնալ դարձել։ Այսինքն մեր շկոլան, ամբողջ գիտական, սպասարկման մասը այդ տեսակի ատոմական մասնագետներն են։
Անվտանգության առումով ԱԷՄԳ–ն մի քանի անգամ եկել, ստուգել է մեր ատոմակայանը, որի արդյունքում մինչև 36 թվականը մենք հնարավորություն ունենք անվտանգ էներգիա ստանալ։ Ընդ որում, ատոմակայանը փակելու միջազգային ճնշումները գալիս են Եվրոպայից, ԱՄն–ից, Ադրբեջանից և Թուրքիայից»,–ասաց նա։
Արամ Մանուկյանի խոսքով, Հայաստանը միանշանակ պետք է ունենա ատոմական, պարզապես պետք է որոշել, թե ինչ տեխնոլոգիաներով դա պետք է անի՝ ֆրանսիական, հարավկորեական, ամերիկյան, ռուսական. «Սրանք բոլորն էլ քննարկելի են, բայց այս դաշտում քննարկելի չէ, բացառելի է մոդուլային ատոմակայանը։ Ոչ մի երկիր չունի մոդուլային ատոմակայաններ։ Չինաստանը ունի մեկ–երկու հատ հանքերում, փորձնական։ Դրանք հանքերի մոտ են, որտեղ բնակչություն չկա և թեկուզ վտանգավոր էլ լինի, թեկուզ արտահոսք էլ լինի, հանրային մեծ վնաս չի կարող տալ։ Նույնը ունեն ռուսները Հյուսիսային Սառույցի Օվկիանոսում, օրինակ, Լոմոնոսով նավի վրա։Մոդուլային ատոմակայնների ճկուն լինելը այնպիսի տեղերի համար է նախատեսված, որը քաղաքակրթությունից 5000 կիլոմետր հեռու է։
Հայաստանում, որը խիտ բնակեցված է, այդպիսի ռիսկային ատոմական չի կարելի դնել, շատ պարզ պատճառով, դրանք փորձարկված չեն, ոչ մի լիցենզիա չեն անցել։
Եթե այդքան գովերգելի բան է, մի հատ դրեք ձեր մոտ։ Երեք տարի պետք է աշխատի նվազագույնը, միայն դրական արձագանքներ լինեն, նոր դրանք փորձեն տեղադրել։ Դա չի կարելի Հայաստանում տեղադրել»,– ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը
Նա բերեց Լիտվայի օրինակը, որը եվրոպացիների ու ամերիկացիների հորդորով փակեց իր ատոմակայանը, խոստացան նոր մոդուլային ատոմակայան կառուցել, բայց խաբեցին, չկառուցեցին։
«Այժմ ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայաններ են կառուցվել Թուրքիայում, Իրանում, որովհետև իրենք էլ գիտեն, որ դա լավագույն տեխնոլոգիաներն են։
Այն որ հայտարարում են, թե մենք մտնում ենք ադրբեջանական էներգետիկ համակարգի մեջ, այդ ծրագրի մեջ մտնելու է ատոմակայանի փակելը։ Տեսեք, մենք գազ ու նավթ ստանալու ենք Ադրբեջանից, բայց դա ռուսական գազ ու նավթ է։ Սա մեյմունություն է, անազնիվ։ Այս ամենը դու անում ես թուրքերի ուզածով, Ադրբեջանի ուզածով»,–ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Նա կոչ արեց հայ հանրությանը մի փոքր ավելի շատ ուսումնասիրել ու գրագիտանալ. «Փայլուն թուղթը տվել են, որ մեջ թույն է, որը հետագայում ռիսկեր է բերելու։ Այս այցելությունը դրական է դիվանագիտության առումով, բայց էս զուռնի ձայնը մենք հետո ենք լսելու, հետո ենք տեսնելու, թե ամերիկացիների, ադրբեջանցիների, Իրանի համագործակցության արդյունքում Հայաստանը ինչ քաղաքական կորուստներ է ունենալու»։











