News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական հանցավոր խմբավորումները փողոցներ են «նայում» Մեծ Բրիտանիայում, վերահսկում են գերմանական թմրաշրջանառության զգալի հատվածը, ինչպես նաեւ քաղաքական ազդեցություն ապահովում Հոլանդիայում: Թուրքական մաֆիան լայն գործունեություն է ծավալել եվրոպական տարբեր երկրներում, ունի իր ցանցերը եւ վերահսկվում է թուրքական քաղաքական տարբեր խմբավորումների կողմից: Այս մասին վկայում են վերոնշյալ եվրոպական երկրների իրավապահ մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցները։

Թուրքական մաֆիան մեծ ազդեցություն ունի հատկապես Գերմանիայում եւ Հոլանդիայում: Ըստ Գերմանիայի ոստիկանության տարեկան զեկույցի՝ թուրքերը, ինչպես նաեւ Նիգերիայից եւ Սիեռա Լիոնեից ներգաղթած աֆրիկացիները մեծ դեր են խաղում միգրանտների շրջանում հանցագործությունների կազմակերպման գործում: 2008 թ.-ին այդ հանցավոր խմբավորումների կազմակերպման գործով զբաղվող, ազգությամբ ոչ գերմանացի կասկածյալների թիվը կազմել է 471,067, ընդ որում նրանցից 106,396-ը, այսինքն` 22,6 տոկոսը ազգությամբ թուրք են: Թմրանյութերի առք ու վաճառքի գծով Գերմանիայում թուրքերը նախորդ տասնամյակի ամփոփ զեկուցագրում կրկին զգալի թիվ են կազմում։ Գերմանիայում թմրավաճառությամբ զբաղվողների 22-ից 26.6 տոկոսը թուրք են, իսկ մասնավորապես կոկաին տեսակի թմրանյութի վաճառքով զբաղվողների ցուցակում կազմում են 21,9 տոկոս:

Ի դեպ, Գերմանիայում սեռական բնույթի հանցագործություններում թուրքերը եւս աչքի են ընկել։ Գերմանիայում կատարված բռնաբարությունների եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների իրականացնողների 34,9 տոկոսը թուրք են։

Ըստ գերմանական մամուլի, Գերմանիայի որոշ քաղաքներում գործում են բավականին վտանգավոր թուրքական երիտասարդական հանցագործ խմբավորումներ, որոնք զբաղվում են բռնաբարությամբ, կողոպուտով, ինչպես նաեւ ներքաշված են թուրքական մաֆիայի հիմնական գործում` թմրանյութերի առք ու վաճառք եւ մարմնավաճառություն: Militant Islam Monitor-ը նշում է, որ թուրքական հանցավոր խմբավորումները վերահսկողություն են սահմանել Բեռլինի որոշ փողոցների նկատմամբ, որտեղ ներկայացնում են իրենց «ապրանքը»:

Նիդեռլանդներում եւս բնակվող թուրքական մեծ համայնքի հետ առկա են նաեւ թուրքական հանցավոր խմբավորումներ։ Այստեղ գերակայող դիրքեր ունեն թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող թուրքական խմբավորումները, որոնց անդամները, ըստ Նիդեռլանդների ոստիկանության զեկույցի, հաճախ ազգակցական կապեր են ունենում, կամ թմրամիջոցների առեւտրում ներգրավված են լինում ընտանիքներով ու գերդաստաններով։ Իրավապահների զեկույցի համաձայն՝ թուրքական նարկոդիլերները, բացի փոքր քանակի թմրանյութի վաճառքից, առաջարկում են նաեւ խոշոր քանակի առեւտրով, ընդ որում, հաճախ նրանք վերահսվում են Ստամբուլից: Բացի այդ, թուրքական քրեական խմբավորումները Հոլանդիայում եւ Բելգիայում կենտրոնացած են նաեւ զենքի առք ու վաճառքի, ներգաղթյալների թրաֆիքինգի, մարմնավաճառության, փաստաթղթերի կեղծման եւ փողերի լվացման գործում:

Մեծ Բրիտանիայում եւս թուրքական քրեական խմբավորումները եւ ընտանիքները վերահսկում են թմրանյութերի շուկան։ Բրիտանական մամուլի բնորոշմամբ՝ թուրքական հանցավոր խմբավորումները շատերի մոտ սարսափ են հարուցում: Սքոթլանդ Յարդի զեկույցներով՝ Միացյալ Թագավորություն մատակարարվող հերոինի 90 տոկոսը ունի թուրքական ծագում: Հերոինի բիզնեսով զբաղվող թուրքերը հիմնականում կենտրոնացած են Լոնդոնի արեւելյան արվարձանային շրջաններում: Վերջիններս մինչեւ Աֆղանստան եւ Պակիստան հասնող ուղիղ կապեր ունեն:

Լոնդոնում, 2006 թ.-ին, թուրքական հանցավոր խմբավորման 13 անդամների էին ձերբակալել, ովքեր 13 կիլոգրամ հերոին էին պահում Դեգենհամ թաղամասում գործող թուրք մսավաճառի խանութում: Լոնդոնի ոստիկանության ավելի ուշ հաջողվեց հայտնաբերել նաեւ Mafia babası («Կնքահայր») մականունով հայտնի Համիթ Գոքենջին: Նրան գլխավորած հանցագործ խմբավորումը սերտ կապեր ուներ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ: Նրանց մոտ հայտնաբերվել էր 22 կիլոգրամ հերոին:

Բրիտանական ոստիկանությունը եզրակացություններից մեկում կարծիք է հայտնել, որ «թուրքական խմբավորումները լուրջ վտանգ են ներկայացնում անվտանգության տեսանկյունից»: Մեծ Բրիտանիայում, ինչպես եւ Գերմանիայում, հատկապես ակտիվ են թուրքական երիտասարդական խմբավորումները, որոնք առանձին «փողոցներ են վերահսկում» եւ զբաղվում թրաֆիքինգով:

Թուրքական մաֆիայի Եվրոպայում ունեցած հզոր ազդեցության պատճառները հասկանալու համար, պետք է պատմական անդրադարձ կատարել։ Թմրանյութերի առեւտուր, դրա տարածումն ու օգտագործումը բնականոն էր համարվում դեռ Օսմանյան Թուրքիայում։ Մինչեւ հերոինի, ափիոնի եւ այլ տեսակի թմրանյութերի տարածման արգելումը, Եվրոպան դարեր շարունակ «հաճույքի փոշին» ներկրում էր Թուրքիայից։ Օպիումի արտահանումը Օսմանյան կայսրության հիմնական եկամտի աղբյուրներից էր, եւ վերջինս կարողանում էր առաջատար դիրքեր պահպանել այդ ոլորտում: Բնականաբար թուրք մատակարարները գրավեցին Եվրոպայի թմրաբիզնեսի շուկան, եւ հատկապես մեծ ակտիվություն ցուցաբերեցին Ֆրանսիայում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո` թուրքերը ալյանսներ ձեւավորեցին հարավսլավական, բուլղարական եւ հունական հանցագործ շրջանակների հետ` բեռնափոխադրման եւ թմրանյութերի փոխանակման գործում համագործակցելու համար: Նշենք, որ թուրք-բուլղարական, թուրք-ալբանական եւ թուրք-սերբական հանցագործ խմբավորումները այսօր էլ ակտիվ համագործակցում են թմրաբիզնեսի ոլորտում: Ի դեպ, այս համագործակցության հաջողության պատճառներից է նաեւ այն հանգամանքը, որ Ալբանիայում, Սերբիայում, Բուլղարիայում, Հունգարիայում թուրքական էթնիկ համայքներ են ձեւավորվել դեռեւս Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Փարիզը օպիումի ոլորտում իր դիրքերը զիջեց Մարսելին։ Թուրքական մաֆիան պայմանավորվածություններ ձեռք բերեց շուկայի առաջատարների`մարսելցիների եւ կորսիկացիների հետ, իսկ այնուհետեւ ընդլայնելով իր գործունեության սահմանները՝ Ատլանտյան օվկիոնոսի վրայով հասավ ԱՄՆ:

Այսօր արդեն թուրքական հանցագործ խմբավորումները վերահսկում են թմրաբիզնեսի եվրոպական գրեթե ողջ սեւ շուկան՝ 93 տոկոսը։ Հարկ է նշել, որ թմրանյութերը Եվրոպայում վաճառվում են բավականին բարձր գներով, քան օրինակ՝ ԱՄՆ-ում։ Ներկայումս, Թուրքիան թմրաշրջանառության ամենառանցքային երկրներից մեկն է՝ ըստ ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ամենամյա զեկույցների։ Համաձայն թմրանյութերի եւ հանցագործության դեմ պայքարի ՄԱԿ-ի գրասենյակի զեկույցի՝ 2009թ-ին անօրինական ճանապարհով Եվրոպա է ներկրվել 110 տոննա հերոին, ընդ որում 85 տոկոսը` Թուրքիայից:

Այսպիսով, թուրքական հանցավոր խմբավորումները Գերմանիայում եւ Հոլանդիայում ապահովում են իրենց գործունեությունը թուրքական ազդեցիկ եւ մեծաթիվ համայնքի շնորհիվ: Մեծ Բրիտանիայում ազդեցության տարածման ու պահպանման գործում փոքր չէ Բրիտանիայում առկա սուննի մահմեդականների հսկայական համայնքի գործոնը: Նշենք, որ աֆրիկյան երկրներից ժամանած մահմեդականները եւս ներքաշվում են թուրքական հանցավոր կլանների մեջ՝ դառնալով թմրամիջոցի փողոցային վաճառականներ, թուրքերը հաջողացնում են նրանց միջոցով հասարակության շրջանում զերծ մնալ «վատ համբավից»։

Տաթեւիկ Հայրապետյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ