News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրորդները նվաճեցին երեք բրոնզե մեդալ` հայկական պատվիրակության ընդհանուր նվաճումների ուղիղ կեսը: Այժմ էլ ծանրորդները նվաճել են 6 օլիմպիական ուղեգիր: Հայաստանն առայժմ 12 ուղեգիր ունի: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Աբովյանում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է գլխավոր մարզիչի հետ:

Պարոն Պողոսյան, հիմա մեր հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Այդպես էլ կարելի է ասել: Սակայն մինչեւ Եվրոպայի առաջնությունը մենք ունենք Հայաստանի առաջնություն, եւ այս տարի մեր ներքին առաջնությունը շատ կարեւոր նշանակություն ունի: Ըստ նախատեսվածի՝ մենք ուսումնամարզական հավաքների միջոցով ծանրորդներին լավ մարզավիճակի ենք բերում: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլոր լավագույն ծանրորդները, բացառությամբ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի: Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքները հիմք կհանդիսանան հավաքականի կազմի հարցում վերջնական կողմնորոշվելու համար: Բոլորը պետք է իրենց բարձր կարգը ապացուցեն բարձր արդյունքներով:

Փաստորեն այս պահի դրությամբ դուք դեռեւս չեք կողմնորոշվել, թե ով է հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Այդպես է: Հանրապետության առաջնությունից հետո նոր հայտնի կդառնան այն մարզիկները, ովքեր ելույթ կունենան հին աշխարհամասի առաջնությունում: Դրանից հետո արդեն նոր կմտածենք Օլիմպիական խաղերի մասին:

Մեր հավաքականի կազմում արդեն մի քանի տարի է բացակայում են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, ով հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում: Կարելի՞ է ասել, որ թիմում որոշակի սերնդափոխություն է ընթանում:

Համաձայն եմ, որ նշված մարզիկները ներկայումս հավաքականում չեն: Բայց ես որոշ մարզիչներից լսել եմ, որ նրանք պատրաստվում են հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Եթե նրանք իրոք կարողանան լավ արդյունքի հասնել, ապա մենք իհարկե նրանց հավաքականի կազմում տեսնելու հնարավորություն էլ կունենանք: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա նման բան մեր հավաքականում կլինի միայն օլիմպիական խաղերից հետո: Շատ պատասխանատու շրջան է հիմա, եւ նաեւ ռիսկի գնալը իմաստ չունի: Մենք հենվելու ենք այն մարզիկների վրա, ովքեր արդեն հեղինակավոր մրցումներում ելույթների փորձ ունեն:

Պարոն Պողոսյան, իսկ Գեւորիկ Պողոսյանի որակազրկման հետ կապված ի՞նչ նորություն կա:

Ճիշտն ասած, այդ հարցին երեւի թե ավելի լավ կլինի, որ պատասխանի հավաքականի բժիշկը կամ ծանրամարտի ֆեդերացիան: Ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, զբաղվում եմ իմ թիմի մարզումային պրոցեսով: Ընդհանրապես կապ էլ չունի` նա որակազրկված է, թե ոչ: Ես ուզում էի, որ Գեւորիկ Պողոսյանը հիմա մասնակցեր հավաքներին, բայց նա ուսի վնասվածք ունի:

Դուք ի՞նչ արդյունքներ եք ակնկալում մեր ծանրորդներից:

Հիմա դժվար է արդյունքների մասին խոսելը: Աստված տա, որ տղաներն առանց վնասվածքների հասնեն, եւ այդ դեպքում ես համոզված եմ` նրանք, ովքեր դուրս կգան օլիմպիական մրցահարթակ, ամեն ինչ կանեն  մեդալ նվաճելու համար:

Օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալու համար մանրուքներ չեն լինում: Պետք է մարզիկը վստահի սեփական ուժերին, հավատա իրեն, սառնասիրտ լինի ու իհարկե լավ մարզավիճակում: Շատ կարեւոր է նաեւ հոգեբանական պատրաստականությունը: Դահլիճից դուրս եւ ներս մարզիկների հետ աշխատել է պետք: Նրանց պետք է առաջնորդել դեպի հաղթանակ, եւ հուսով եմ, որ Լոնդոնում մենք հաղթանակներ կունենանք:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ