News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թադեւոսովի` Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան մի հատվածի վաճառքի հետ կապված հայտարարությունը ստահակություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` մեկնաբանելով Թադեւոսովի այն հայտարարությունը, որ գործարքը կրում է սպեկուլյատիվ բնույթ, եւ Թումանյանի տան հետագա ճակատագիրն անհայտ է:

«Այն բանից հետո, երբ գործարքը հասել է իր տրամաբանական ավարտին, ինչ-որ ինքնակոչ Թբիլիսիի հայերի միություն խոսում է այն մասին, որ գործարքը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Նշեմ, որ տանտերը` Արչիլ Լեժավը, հայտարարել է, որ չի ցանկանում, որ տան վաճառքի շուրջ ընթացող բանակցություններին ներկա լինի Թադեւոսովը, ինչի մասին տեղյակ է պահել հենց Թադեւոսովին: Երբ հունվարին ծագեց տան վաճառքի հարցը, ես լիազորեցի Թադեւոսովին հենց նույն թաղամասում գտնել եւ գնել տուն, որը համարժեք կլինի Լեժավի տանը: Սակայն Լեժավը հրաժարվել է այդ գործարքից, քանի որ Թադեւոսովի առաջարկած տունը գտնվել է վթարային վիճակում եւ արժեցել 130 հազար դոլար: Դրանից հետո, հայկական կողմը սկսել է բանակցություններ վարել Լեժավի հետ, ով մեզ մեկ ամիս ժամանակ է տվել տուն գտնելու եւ գնելու համար»,-նշել է Անանյանը:

Մեկնաբանելով այն հայտարարությունը, որ հայկական կողմը գործարքի մեջ է մտել սպեկուլյատիվ պայմաններով, Անանյանը նշել է. «Ինչպես կարող է Թբիլիսիի կենտրոնում 122 քառակուսի մետր մակերեսով տունը արժենալ 25 հազար դոլար: Թբիլիսիի հայկական համայնքը ինքն է մոգոնել այդ թվերը: Մեզ հազիվ է հաջողվել տան գինը 150 հազար դոլարից հասցնել 145 հազար դոլարի»:

Ինչ վերաբերում է Թադեւոսովի փաստարկներին, որ ձեռք է բերվելու միայն տան կեսը, իսկ մնացած մասը պատկանում է Թումանյանի թոռնուհուն, Անանյանը նշել է. «Ամբողջ տան ձեռքբերումը փուլ առ փուլ պետք է լինի, ներկա պահին կարեւոր է ձեռք բերել տան այն հատվածը, որը վաճառքի է հանված: Թումանյանի տունը պետք է դառնա հայկական մշակութային կենտրոն, որը կրելու է մեծ դասականի անունը: Թումանյանի ժառանգները բազմիցս հայտարարել են, որ իրենց ընտանիքը այդ հարցի լուծումը ինձ է թողնում»:

Անդրադառնալով այն հարցին, որտեղ նշվում է, որ Գրողների համահայկական միության ֆոնդը առասպել է, Անանյանը նշել է, որ ֆոնդը ստեղծվել է 2006-ին, իսկ տան գնման գործարքը կնքվում է վերոնշյալ ֆոնդի միջոցով: Նրա խոսքով, քանի որ Հայաստանը որպես պետություն իրավունք չունի անշարժ գույք ձեռք բերել այլ երկրներում, ապա շինությունը պետք է ձեռք բերի կամ մասնավոր անձը, կամ էլ կազմակերպությունը:

Զրուցակիցը նաեւ հավելել է, որ անհրաժեշտ գումարը ֆոնդին է տվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իսկ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տան գնման գործարքը կայանալու է փետրվարի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ