News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ հայ բռնցքամարտիկները նախկին Խորհրդային Միության հավաքականի կազմում մեծ հաջողությունների են հասել` բարձր պահելով ռինգի հայ վարպետների պատիվը: Այսօր էլ նրանցից շատերը շարունակում են իրենց փորձն ու վարպետությունը փոխանցել երիտասարդ սերնդին: Բռնցքամարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ հավաքականում աշխատում է նաեւ Մեխակ Ղազարյանը, ով 1987 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ մասնակցել է Սեուլի Օլիմպիական խաղերին: Մեխակ Ղազարյանն այժմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Շիրակի պատասխանատուն է: Հայաստանի հավաքականի կազմում Շիրակի մարզը ներկայացնում են Վլադիմիր Սարուխանյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Հովիկյանը,Դավիթ Հովհաննիսյանը: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Մեխակ Ղազարյանի հետ:

Մեխակ, Շիրակի մարզում եւ, մասնավորապես, Գյումրիում բռնցքամարտով զբաղվողների թիվը գնալով ավելանո՞ւմ է, թե՞ պակասում:

Շատ մեծ ներհոսք է զգացվում: Ես երկար ժամանակ է, ինչ Գյումրիում բռնցքամարտի դպրոց եմ հիմնել, ու այն այժմ էլ գործում է: Եղավ մի պահ, երբ մարզումների հաճախողների թիվը նվազեց: Բայց հիմա աստիճանաբար բռնցքամարտով զբաղվողների թիվը ավելանում է: Դրան նպաստեցին նաեւ հեռուստատեսությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հեռարձակումները: Իսկ ինչ վերաբերում է մարզաձեւի զարգացմանը մարզերում, ապա այս առումով մեկ խոչընդոտ կա, եւ դա մրցումների սակավաթիվ լինելն է: Նախատեսված ծանրաբեռնվածությամբ մարզումները անցկացվում են, բայց փորձի պակասը զգացնում է: Երբ ես բռնցքամարտիկ էի, մինչեւ Խորհրդային Միության առաջնությանը մասնակցելը առնվազն 3-4 պաշտոնական մրցումների էի մասնակցում, էլ չեմ ասում այլ կարգի մրցաշարերի մասին: Սպորտային յուրաքանչյուր ընկերություն իր մրցաշարն էր կազմակերպում, եւ այդպես բազմաթիվ մենամարտեր էինք անցկացնում: Հիմա մենք դեռահասների ու պատանիների Շիրակի մարզի մրցումներ ենք անցկացնում, սակայն հավատացեք, որ դա բավական չէ:

Մեխակ, 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում քո` մեդալ  նվաճելու հավանականությունը շատ մեծ էր, սակայն դու պարտվեցիր ապագա չեմպիոնին` Ջիովանի Պարիզիին: Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար բռնցքամարտիկից ի՞նչ է պահանջվում:

Նախ սկսեմ նրանից, որ այն ժամանակ Խորհրդային Միության հավաքականի կազմում ընդգրկվելը աննկարագրելի դժվար էր: Հիմա հայ բռնցքամարտիկների համար աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ինչպես նաեւ Oլիմպիական խաղերին մասնակցելը անհամեմատ հեշտ է: Օլիմպիական մրցաշարը բռնցքամարտում ամենադժվար մրցաշարերից մեկն է, քանի որ սկսվում է խաղերի բացման հետ եւ ավարտվում փակման հետ: Մոտ 15-16 օր է տեւում, եւ այդ ընթացքում մարզիկը պետք է հետեւի իր անձնական քաշին, լարվածությունը պետք է ձգտի հաղթահարել, մարզավիճակը պահպանել: Ոչ մի ուժեղ բռնցքամարտիկ չի կարող հաստատ ասել, թե կհաղթի Օլիմպիական խաղերում: Դժվարություն է նաեւ մենամարտերի անցկացման ցիկլը, երկու մենամարտերի միջեւ մի քանի օր ժամանակ կա, եւ դա ավելորդ դժվարություն է իհարկե: Ամենակարեւոր գործոններից մեկն էլ, անկասկած, հոգեբանությունն է, որպեսզի մենամարտերի միջեւ ընկած ժամանակահատվածում բռնցքամարտիկը պահպանի իր որակները, պետք է հոգեբանորեն ուղղակի հիանալի պատրաստված լինի: Վերականգնման պրոցեսը պետք է հստակ պահպանվի:

Հայաստանի հավաքականն առայժմ օլիմպիական մեկ ուղեգիր ունի:

Այո, ցավոք, մեկ ուղեգիր ունի: Բայց եթե աշխարհի առաջնությունը Բաքվում չլիներ, մենք հիմա այլ ցուցանիշների մասին կխոսեինք: Ասեմ, որ իմ կարծիքով մենք հիմա արդեն երեք ուղեգիր կունենայինք: Բացի հոգեբանական խնդիրներից, որոնք կային Բաքվում, բռնցքամարտիկի առաջին «թշնամին» է նաեւ անշարժությունը: Ամբողջ օրվա ընթացքում գտնվելով չորս պատերի մեջ` մարզիկը դանդաղ է դառնում, ինչն էլ ակնառու էր մեր բռնցքամարտիկների ելույթներում:

Հիմա առջեւում վարկանիշային մրցաշար ունեն բռնցքմարտիկները, եւ այդ մրցաշարը Թուրքիայում է (ապրիլի 13-ից 22-ը), այդ անշարժությունը մեր մարզիկներին այստեղ էլ չի սպառնո՞ւմ:

Ոչ, Թուրքիայում դա մերոնց չի սպառնում: Թեկուզ ուղեկցողների հետ մեր տղաները կարող են դուրս գալ հյուրանոցից ու զբոսնել: Իհարկե, Տրապիզոնը Ստամբուլ չէ, բայց հաստատ Բաքու էլ չէ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ