Հրազդան քաղաքում նշագեղձերի հեռացման վիրահատությունից մեկ օր անց մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռեւս պատրաստ չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` ընթանում է նախաքննություն, այս պահին ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան:
Առողջապահության նախարարությունից էլ փորձեցինք ճշտել, թե նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովն ի՞նչ եզրակացության է եկել, սակայն մեզ հայտնեցին, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները ընթացքի մեջ են եւ առայժմ եզրակացություն չկա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո հունվարի 28-ին 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան դեպքը:
Հրազդանի բնակիչ 5-ամյա Միլենա Մարտիրոսյանը վիրահատվել էր հունվարի 26-ին եւ հենց հաջորդ օրը դուրս գրվել հիվանդանոցից: Հունվարի 28-ին երեխան իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը:
Երեխայի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (բժշկական պարտականությունները չկատարելը կամ անորակ կատարելը):


























