News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հենց այսօր կողմ քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին, ըստ Nouvelles d’Arménie-ի, նա հայտարարել է ֆրանսիական «Marianne» ամսագրին տված հարցազրույցում:

Ի պատասխան լրագրողների հարցի, նա պատասխանել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որոշումների ընդունման ժամանակ ես հակված չեմ հիմնվել նույն ծագումն ու պատմությունն ունեցող մարդկանց թվի վրա: Հայկական հարցը ֆրանսիացի սոցիալիստների կողմից պաշտպանվում է Ժորեսի ժամանակներից սկսած, եւ Ֆրանսիա եկած հայերն ընդունվել են հիմնականում ձախ վարչակազմերի կողմից: Ֆրանսուա Միտերանը պայքարում էր Ցեղասպանության ճանաչման համար եւ վարչապետ Լիոնել Ժոսպենի օրոք օրենքն ընդունվեց: Մնում էր միայն ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել: 2006-ին աջերը դեմ հանդես եկան դրան եւ ընդունեցին միայն հիմա, որն այնքան էլ լավ ժամանակ չէ, իմ կարծիքով:

Այդուհանդերձ, ես հետեւողական եմ ու կողմ եմ քվեարկել այդ փաստաթղթին, ես այսօր էլ կողմ կքվեարկեի դրան»:

Հիշեցնենք,  որ 2011-ի հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում:

Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 1-ին խոստացել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, եթե ներկա օրինագիծը հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրական խորհրդի կողմից: Նա նաեւ քննադատել է գյուղատնտեսության եւ ԱԳ նախարարներին, որ նրանք «իրենց քթից այն կողմ չեն տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ