Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է իրանական հրթիռների հեռահարության վերաբերյալ մտահոգությունները, որոնք տեսականորեն կարող են հասնել Եվրոպայում տեղակայված թիրախներին։

«Եվրոպան անվտանգ է, հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան պաշտպանվում է օդային պաշտպանության միջոցով ոչ միայնակ, այլև ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ», - հայտարարել է Պիստորիուսը, հաղորդում է dpa գործակալությունը։

«Իհարկե, տեսականորեն, այդ [իրանական – խմբ.] հրթիռները կարող են հասնել Եվրոպա։ Սակայն, անկեղծ ասած, մենք դրա մասին նախկինում էլ գիտեինք։ Հարցն այն է, թե ինչ զենքով և ինչ ճշգրտությամբ։ Եվ այդ պատճառով ապավիում ենք ՆԱՏՕ-ի համատեղ մշակված պաշտպանական կարողությունների վրա»,- ընդգծել է Պիստորիուսը, գրում է DW-ն։

Նախարարը հիշեցրել է նաև Իսրայելից գնված Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մասին, որը նախատեսված է մեծ բարձրություններում հրթիռները չեզոքացնելու համար։ «Դա հսկայական քայլ է առաջ։ Ես դեռ հիշում եմ քննադատական ​​ձայները, երբ մենք այն նոր-նոր ձեռք էինք բերում։ Ասում էին, թե չկան հրթիռներ, որոնցից այդ համակարգը պետք է պաշտպաներ»,- նշել է Պիստորիուսը։

Arrow 3 համակարգն ի վիճակի է հրթիռներ ոչնչացնել 100 կմ-ից բարձր մակերևույթում։