Լեռնային Ղարաբաղի հանրապետության բանակի ստորաբաժանումները վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում Ադրբեջանի ռազմական ուժերի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից «ճակատային գոտում սկսած լայնածավալ զորավարժությունների» մասին հարցին` ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ պաշտպանության բանակը եւս հաճախ նմանատիպ զորավարժություններ է անցկացնում:
«Ինչ վերաբերում է զինադադարի դրության խախտմանը, ապա Ադրբեջանը մշտապես դիմում է խախտումների: Ղարաբաղյան կողմն անհրաժեշտության դեպքում պատասխանում է», - հավելել է Սենոր Հասրաթյանը:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` ադրբեջանական բանակը «լայնածավալ զորավարժանքներ է սկսել ճակատային գոտում»: Պաշտպանության նախարար Սաֆիր Աբիեւի հրամանատարության ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են ցամաքային եւ ռազմաօդային ուժերը: