News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում օրերս Ստեփանակերտում կայացած «Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհդական, գիտությունների վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի զեկույցը` «Լեռնային Ղարաբաղի պետական հայցակարգի էվոլյուցիան» թեմայով.

«Ազատագրական պայքարի ուղին ընտրած ազգային փոքրամասնությունների, անկլավային, ինքնավար հանրապետությունների, ինքնավար մարզերի եւ համանման այլ կարգավիճակ ունեցող միավորների համար, թերեւս գերագույն խնդիրը եղել եւ շարունակում է մնալ նրանց ապագա կարգավիճակի հարցը՝ պետականության տեսանկյունից: Եւ դա միանգամայն հասկանալի է, քանի որ մարդկությունը, մարդկային միտքը, նրա պատմագիտական, քաղաքագիտական, փիլիսոփայական, իրավագիտական հայեցակարգային համակարգերը դարերի ընթացքում դեռեւս չեն կարողացել ստեղծել -էթնիկական խմբերի, ժողովուրդների եւ ազգությունների գոյությունը, ինքնությունը, անվտանգությունը, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային զարգացմումն ապահովող առավել նպաստավոր եւ ավելի բարձր արժեքային համակարգ ու կառույց, քան ազգային պետականությունը: Սա հանրաճանաչ ճշմարտություն է եւ ապացուցման կարիք չունի: Ասվածն ամբողջապես վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը 1921թ. կամայականորեն բռնակցվեց պատմության մեջ երբեւիցե գոյություն չունեցած եւ ոչ մի աղբյուրում չվկայված մի պետության՝ Ադրբեջանին, որը թատերաբեմում հայտնվել էր դրանից ընդամենը երկու տարի առաջ: Այդ հարցը բավականին հանգամանորեն լուսաբանված է պատմագիտական գրականության մեջ, եւ ոչ միայն հայկական, այլեւ ամերիկյան, անգլիական, գերմանական, ռուսական, արաբական, իտալական, Ֆրանսիական, հունական եւ այլն: Նշենք միայն ամերիկյան քաղաքագետ Պ. Գոբլի միանգամայն այն ճիշտ տեսակետը, ըստ որի «Հայաստանը հնագույն ազգ է, որը կատարելապես կոնսոլիդացվել է առնվազն 2300 տարի առաջ: Ադրբեջանցիները որպես առանձին ժողովուրդ գոյություն չեն ունեցել մինչեւ այս դարը ( մինչեւ 20-րդդ.-Ն.Հ.): Մինչեւ այդ նրանք պարզապես եղել են թուրք-պարսկական աշխարհի մի մասնիկը»1: Ավելացնենք նաեւ, որ միջազգային մի այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին Ազգերի լիգան էր, 1920թ. մերժեց Ադրբեջանի պաշտոնական դիմումը Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ՝ նկատի ունենալով նրա չհիմնավորված հավակնությունները հարեւան Հայաստանի եւ Վրաստանի տարածքների, այդ թվում եւ Ղարաբաղի նկատմամբ: Այսինքն, Ազգերի լիգան մերժեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները՝ ի հաշիվ մյուս ժողովուրդների պետականություն ունենալու իրավունքի:

Սակայն նախքան Լեռնային Ղարաբաղի պետականության հայեցակարգի էվոլյուցիայի լուսաբանությանն անցնելը, հարկ ենք համարում անդրադառնալ երկու, մեր կարծիքով, շատ կարեւոր հարցերի:

20-րդ դարի երկրորդ կեսերին միջազգային հասարակական գիտությունների համակարգում ձեւավորվեցին երկու նոր գիտական ուղղություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին, որոնք ուղղակիորեն առնչվում են հայկական իրողություններին եւ կյանքի են կոչվել հայկական իրողությունների հենքի վրա:

Առաջինը՝ ցեղասպանագիտությունն է, որը որպես գիտական նոր ուղղություն ձեւավորվեց եւ վերջնականապես կազմավորվեց 20-րդ դ. 60-70-ականներին: Նա ունի իր նախարմատները եւ դրանք հայկական նախարմատներն են: Հայտնի է, որ 20-րդ դ. առաջին ցեղասպանությունը հայոց ցեղասպանությունն էր, որն իրագործվեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքական ոճրագործների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Մասնագետները, ինչպես Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոՖեսոր ‎ Ֆ. Լիթելը, ռուս պատմաբան Վ. Նադեին-Ռաեվսկին, ամերիկյան ցեղասպանագետ Մ. Բանքսը եւ ուրիշներ, հաստատում են որ 20-րդ դարի մասին կարելի է եւ պետք է խոսել որպես ցեղասպանության դարաշրջանի մասին, որը «Կամբոջայի, Սուդանի, Բուրունդիի Ռուանդայի եւ Բոսնիայի կառավարությունների ցեղասպան գործողություններից հետո մենք կարող ենք խոսել այս 20-րդ դարի մասին, որը սկսվեց հայերի ցեղասպանությամբ, որպես Ցեղասպանության դարաշրջան» 2: Իհարկե, դրան պետք է ավելացնել նաեւ հրեաների Հոլոքոստը, գնչուների ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Գենոցիդ» եզրի հիմնադիրը լեհ իրավաբան, ծագումով հրեա, Ռա‎Ֆայել Լեմկինն է, որը , հայոց ցեղասպանությամբ սկսել է զբաղվել դեռեւս 1920 թվականներին, երբ հայոց ցեղասպանությունը դեռեւս միակ կայացած ցեղասպանությունն էր աշխարհում3: Նա «գենոցիդ» եզրը եւ ցեղասպանագիտության վերաբերյալ հիմնադրույթները բխեցրել հայկական նյութից, նախարմատներից եւ հայոց ցեղասպանության իրողություններից: Դա են վկայում այն բազմաթիվ նորահայտ փաստաթղթերը եւ վկայությունները, որոնք դրվել են գիտական շրջանառության մեջ, այդ թվում հենց իրեն Լեմկինի խոստովանանք-վկայությունը՝ «Ես սկսեցի հետաքրքրվել գենոցիդով, քանի որ դա պատահել էր հայերի հետ»4: Իսկ մեկ այլ առիթով, խոսելով հայոց ցեղասպանության մասին եւ հայ տարագիրների տառապանքների մասին, նա մատնանշել է. «Ես ավելի ու ավելի եմ ինձ նույնացնում տառապյալ զոհերի հետ»5: Դա է հաստատում նաեւ մի այնպիսի հեղինակություն, ինչպիսին ԱՄՆ-ի Ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին պրեզիդենտ, ականավոր ցեղասպանագետ, պրոՖեսոր Հելեն Ֆայնը, ընդգծելով, որ Լեմկինը դեռեւս «1933թ. առաջարկել էր արգելել նման գործողությունները, ներառյալ այն, ինչ հայտնի էր որպես «Հայկական կոտորածներ», որպես բարաբարոսական ոճրագործություն»6:

Երկրորդ գիտական նոր ուղղությունը, կապված հայկական իրողությունների, ավելի կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, կոնՖլ‎իկտոլոգիան կամ բախումնաբանությունն է: Մենք հեռու եք այն մտքից, թե մինչ այդ կոնՖլիկտներ չեն եղել կամ նման եզր գոյություն չի ունեցել: Դրանք երկուսն էլ եղել են: Սակայն Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժումից հետո, եւ այդ շարժման ազդեցությամբ սկիզբ առավ եւ հիմնադրվեց արդի բախումնաբանությունը՝ ոչ թե որպես առանձին դեպքերի, իրադարձությունների, միմյանցից առանձնացված, ներքին տրամաբանությունից զուրկ պատահական երեւույթների շարան, այլ համակարգաված ամբողջություն, սեփական արժեքային հայեցակարգն ունեցող, իր ուրույն հիմնարար սկզբունքների վրա խարսխված, կուռ տրամաբանությամբ ամրակայված գիտական ուղղություն, որի շրջանակներում հնարավոր է լուծել տարաբնույթ բախումները, այդ թվում եւ էթնոքաղաքական առճակատումները:

Արդի բախումնաբանության, որը ձեւավորվել է Ղարաբաղյան շարժման ազդեցությամբ, հիմնարար առանցքային սկզբունքներից են. ա/առճակատումները ռազմական ուժով կամ պատերազմերի միջոցով լուծելու եւ կարգավորելու մերժումը; բ/ առաճակատումների լուծումը միայն եւ միայն խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումային տարբերակներով; գ/բանակցությունների ժամանակ չդիմել սպառնալիքների; դ/ երբեք չասել «երբեք»- (never say «never»); ե/երբեք դուռը չփակել բանակցությունների առջեւ եւ մեջքով չշրջվել հակառակորդին; զ/չօգտագործել «Մենք եւ Դուք»-ը «մենք սմբողջապես արդարացի ենք, իսկ դուք ամբողջովին սխալ եք» իմաստով: Առճակատման մեջ գտնվող կողմերը պարտավոր են հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում միմյանց վերաբերվել հարգանքով, չվիրավորել միմյանց եւ չօգտագործել ազգային եւ անհատի արժանապատվությունը վիրավորող կամ նսեմացնող արտահայտություններ: Բանակցության մեջ գտնվող առճակատումների բոլոր կողմերին խորհուրդ է տրվում դրսեւորել համբերատարություն, ուշադիր եւ հարգալից վերաբերմունք հակառակ կողմի ելույթներին, խոսքերին, արտահայտած տեսակետներին, մտքերին եւ առաջարկություններին:

Ահա այսպիսին են ընդհանուր գծերով բախումնաբանության էթիկայի այն կանոնները, որոնք ըստ բախումնաբանության տեսադրույթների պարտադիր են առճակատման մեջ գտնվող երկու կամ բոլոր կողմերի համար, եւ որոնք պետք է դրվեն բանակցությունների, քննարկումների եւ համաժողովների անցկացման հիմքում:

Իսկ ի՞նչն է առիթ հանդիսացել եւ հիմք ծառայել առաջ քաշելու այն տեսակետը, որ բախումնաբանությունը , որպես 20-րդ դարի երկրորդ կեսին ձեւավորված գիտական նոր ուղղություն իր ծագումնաբանությամբ եւ արժեքային համակարգի վերածվելու համար ուղղակի կապ ունի հայկական իրողությունների հետ, իսկ ավելի կոնկրետ՝ պարտական է ղարաբաղյան առճակատմանը եւ դրա արդյունքում գլոբալ բնույթ կրող էթնոքաղաքական հակամարտությունների ի հայտ գալուն: Կցանկանայինք առնվազն ընդգծել երեք հանգամանք:

Առաջին, միջազգային բախումնաբանության մեջ հաստատուն տեղ է գրավում եւ առարկության չի ընդունում այն հիմնադրույթը, որ Ղարաբաղյան առճակատումն առաջին նման բնույթի հակամարտությունն էր, որ դրսեւորվեց Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին եւ ետխորհրդային շրջանի առաջին քսանամյակում, եւ որը շարունակվում է մինչեւ օրս: Ամերիկյան բախումնաբան Ջիմ Նիկոլը հաստատում է, որ «Առաջին տարածաշրջանային էթնիկական առճակատումը սկսվեց 1988թ. Լեռնային Ղարաբաղում: Երկրորդը սկսվեց 1990թ. դեկտեմբերին Հարավային Օսեթիայում՝ Վրաստանում, իսկ երրորդը սկսվեց 1992թ. օգոստոսին Աբխազիայում՝ Վրաստանում»7: Նույն տեսակետն է արտահայտել ամերիկյան հայտնի քաղաքագետ, Մերիլենդի համալսարանի պրոՖեսոր Թեդ Գարը: Նա գտնում է, որ «Առաջին տիպիկ էթնոքաղաքական առճակատումը սառը պատերազմից հետո, սկսվեց Լեռնային Ղարաբաղում» 8: Իսկ գերմանական իրավագետ, ‎ Համբուրգի համալսարանի պրոՖեսոր Օտտո Լիխտերհանդտը, «Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքն ըստ միջազգային օրենքի» իր արժեքավոր աշխատության մեջ ավելի հեռուն է գնում եւ ղարաբաղյան շարժման հետ է կապում այն գործընթացը, որն ի վերջո հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը: Նրա կարծիքով «Լեռնային Ղարաբաղում հայկական էթնիկ խումբը, եւ դա արժանի է մատնանշման, առաջիններից էր, որը հրապարակավ հայտարարեց իր անբավարարավածության եւ վիրավորված ազգային արժանապատվության մասին , եւ ներկայացրեց իր պահանջները քաղաքական դրությունը փոխելու վերաբերյալ: Նրա գործողություններն էական ներդրում էին այն գործընթացի նախաձեռնման մեջ, որը երեք տարի անց հանգեցրեց Խորհրդային Միության փլուզման» 9: Համանման տեսակետներ ենք գտնում նաեւ բրիտանական պատմաբան Քրիստիան Ուոկերի, արաբ պատմաբաններ Սալեհ Զահր ալ-Դինի, Սամիր Արբաշի, ռուս քաղաքագետ Վլադիմիր. Ստուպիշինի եւ այլոց աշխատություններում:

Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղի առաջնայնության հարցը արդի բախումնաբանության ձեւավորման հարցում անառարկելի իրողություն է, ինչը պետք է համարել Ղարաբաղյան շարժման առաջին եւ կարեւոր պատմական նշանակությունը:

Երկրորդ, Ղարաբաղյան հիմնահարցը կամ առճակատումն իր բնույթով զուտ ղարաբաղյան կամ հայկական երեւույթ չմնաց: Նա իր բնույթվ, բարձրացրած հարցերով եւ հետեւանքներով դուրս եկավ զուտ ազգային, նեղ հայական շրջանակներց եւ ձեռք է բերեց համընդհանուր, ես չեմ վարանում օգտագործել եւ ասել, գլոբալ նշանակություն: Նա բացեց փոքր եւ ճնշված բոլոր ժողովուրդների աչքերը, նրանց միտքը եւ մտածողությունն ավելի արթմնի ու գործնական դարձրեց, դրական իմաստով փոխեց նրանց ազգային ինքնագիտակցությունը եւ հոգեբանությունը, նրանց ներգրավեց ազատագրական պայքարի մեջ, ցույց տվեց, որ կարիք չկա երկնչել այսպես կոչված «մեծ» եւ «հզոր» տերությունների եւ ուժերի առջեւ, համախմվածության, միսսնական ուժերով մարտնչելու փայլուն օրինակներ տվեց: Ղարաբաղյան շարժումը ոգեւորիչ օրինակ հանդիսացավ նման բոլոր ժողովուրդների եւ էթնիկական խմբերի համար: Արդեն նշվեց, որ Ղարաբաղյան շարժմանն անմիջականորեն հաջորդեցին հարավօսեթական եւ աբխազական էթնիկական շարժումները, պայքարի դուրս ելան Մերձդնեստրում, Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում, ալեկոծվեց Մերձբալթիկան, Արեւելյան Եւրոպան, անհանգիստ էին դրանց սահմանամերձ շրջանները: Խմորումներ էին տեղի ունենում Ասիայում, անգամ ԱՖրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Աշխարհը եռացող մի կաթսա էր հիշեցնում: Տարբեր երկրներից Հայաստան եւ Արցախ էին գալիս հայկական-ղարաբաղյան փորձն ուսումնասիրելու եւ ընդօրինակելու համար: Շնորհիվ ղարաբաղյան շարժման, բախումնաբանությունը, պահպանելով իր տեսական որակական հատկանիշները, զուտ տեսական դաշտից դուրս եկավ եւ ոտք դրեց պրակտիկ գործնական դաշտ, դարձավ ազատագրական պայքարի ‎ գաղափարախոսություն, որի արդյունքում բազմաթիվ ճնշված եւ պետականազուրկ ժողովուրդներ ու էթնիկական խմբեր կարողացան հասնել իրենց ազգային իդելաների իրականացմանը, վերկանգնել կամ պատմության մեջ առաջին անգամ ունենալ իրենց անկախ պետականությունը:

Սրանումն է կայանում Ղարաբաղյան շարժման համաշխարհային պատմական երկրորդ կարեւոր նշանակությունը:

Երրորդ, ղարաբաղյան շարժումը մեծապես խթանեց համաշխարհային իրավագիության զարգացմանը, այդ գիտությունը, առաջին հերթին նրա այն բաժինը, որը կոչվում է «պետական իրավունք», հարստացրեց նոր տեսական հիմնադրույթներով ու մոդելներով, նպաստեց, որ այն դառնա ետգաղութատիրական դարաշրջանին արժանի ժամանակակից գիտություն, եւ նպաստի այդ հարցում նկատվող իննովացիոն երեւույթներին եւ մոտեցումներին:

Իրավագիտության զարգացմանը նպաստող տեսադրույթները, որոնք կյանքի կոչվեցին շնորհիվ Ղարաբաղյան շարժման, ինքնին մարմնավորում են Արցախյան առճակատման համաշխարհային պատմական երրորդ կարեւոր նշանակությունը:

Կարող ենք ասել, որ վերոնշյալ երեք կարեւոր հատկանիշների շնորհիվ աշխարհը շատ մասերով վերափոխվեց, եւ ասօր կա մի աշխարհ, որը բոլորովին նման չէ մինչղարաբաղյան շարժումը գոյություն ունեցած աշխարհին:

Այժմ անցնենք Լեռնային Ղարաբաղի պետականության հայեցակարգի էվոլյուցիայի լուսաբանությանը: Ղարաբաղյան հակամարտությունը, նրա լուծման կապակցությամբ , կյանքի կոչեց բազմաթիվ առաջարկություններ, մոդելներ եւ ծրագրեր, որոնք վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում հեղեղի նման հորդեցին տարբեր կազմակերպությունների, այդ թվում եւ միջազգային, պետությունների, կառավարությունների, ինստիտուտների, գիտնականների եւ գիտական կենտրոնների, պետական, կուսակցական , զինվորական գործիչների, լրատվամիջոցների կողմից , տարաբնույթ գիտաժողովների, համաժողովների, կլոր սեղանների, փակ եւ բաց քննարկումների ընթացքում: Դրանց մեջ, անկասկած, իր նշանակությամբ բացառիկ դերակատարում ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների նախագահությամբ: Հարկ ենք համարում ընգծել, որ այդ մոդելները ներկայացվել են գլխավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ: Մենք չենք գտնում առաջարկությունների նման հեղեղ, կապված Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրյան, Միջինասիական եւ այլ առճակատումների հետ:

Այդ առաջարկությունները տարաբնույթ են եւ պետականության տարբեր մակարդակներ են ներկայացնում, եւ մենք հնարավորություն չունենք դրանց բոլորին անդրադառնալ: Կանդրադառնանք միայն ամենակարեւորներին

Կարծում ենք, որ կարիք չկա հանգամանորեն անդրադառնալու նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումներին, որոնք շատ լավ հայտնի են: Մենք կանդրադառնանք միայն այն նյուանսներին, որոնք դրսեւորվել են նրանց կողմից հարցի կագավորման ընթացքում եւ որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում քննարկովող խնդրի տեսանյկունից:

Հայտնի է, որ երբ ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների արտահերթ նստաշրջանը 1988թ. փետրվարի 20-ին դիմեց Ադրբեջանի եւ Հայաստանի Գերագույն Խորհրդներին Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ մտնելու խնդրանքով, ապա Ադրբեջանը մերժեց բավարարել այդ պահանջը, այն համարելով անընդունելի: Բացասական էր նաեւ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա Գերագույն Խորհուրդը 1988թ. հունիսի 15-ին ընդունեց դրական որոշում եւ համաձայնվեց, որ ԼՂԻՄ-ը մտնի Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ: Դա կարելի է ասել առաջին փուլն էր: Երկրորդ փուլը սկսվեց այն բանից հետո, երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի պագամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը10: Ի պատասխան, Ադրբեջանի ԳԽ Նախագահությունը հաջորդ օրը՝ 1991թ. սեպտեմբերի 3-ին, ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների Խորհուրդի լիազորությունները համարեց ուժը կորցրած, իսկ ԼՂՀ-ի հռչակումը՝ հակասահմանադրական: Դրան հետեւեց հաջորդ քայլը: Ադրբեջանի ԳԽ նախագահությունը նույն թվականին ընդունեց օրենք «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերացնելու մասին», որը, ի դեպ, ԵԱՀԿ-ի առաքելությունը համարեց «ոչ սահմանադրական»11:

Այսպիսով, ստացվեց հետեւյալ պատկերը: Երբ ԼՂԻՄ-ը որոշում ընդունեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, ապա Ադրբեջանը մերժելով այդ պահանջ-խնդրանքը, չվերացրեց ԼՂԻՄ-ի ինքնավար կարգավիճակը: Նա այդ քայլին դիմեց ԼՂՀ-ի հռչակումից հետո եւ վերացրեց նրա այդ կարգավիճակը, որը մի քայլ ետ էր համեմատած մինչ այդ գոյություն ունեցող կարգավիճակի հետ: Չմոռանանք շեշտել, որ թեկուզ եւ ինքնավար, այդուհանդերձ դա պետականության տարատեսակներից մեկն է, որը վերացնելով, Ադրբեջանը դիմեց չհիմնավորված արմատական քայլի, որը ԵԱՀԿ-ի հատուկ առաքելությունը իրավացիորեն համարեց ոչսահմանադրական: Դրանով իսկ Ադրբեջանը խոստովանում էր, որ չի ընդունում պետականություն ունենալու Լեռնային Ղարաբաղի եւ նրա հայ բնակչության իրավունքը՝ թեկուզ եւ ինքնավարության մակարդակով: Կարծում եմ, որ այդ պարագան արժանի է համապատասխան ուշադրության:

Հայկական կողմի պարագայում նույնպես առկա են փոփոխություններ: ԼՂԻՄ-ը սկզբում դիմեց Հայաստանի կազմի մեջ մտնելու խնդրանքով, որը բավարարվեց վերջինիս կողմից: 1988թ. դեկտեմբերի 1-ին նրանք ընդունեցին համապատասխան որոշում: Տիրապետող տեսակետն պատմական այդ ժամանակահտվածում միացումն էր եւ ըստ էության այդ լոզունգի ներքո էր ընթանում պայքարը: Բայց երեք տարի անց, 1991թ., ԼՂԻՄ-ը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բայց եւ ուժի մեջ մնաց միացման վերաբերյալ օրենքը: Կարծում ենք, որ այս հարցը նույնպես կարիք ունի հստակեցման: Պետք է առարկայական քննարկում այն հարցի շուրջը, թե որ տարբերակն է ավելի ընդունելի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ համայն հայության շահերի տեսակետից:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից մինչեւ օրս պետականության տեսանկյունից առաջարկվել է մոտ քսան մոդել : Դրանցից մենք կցանկանայինք առանձնացնել այն տարբերակները , որոնք հետաքրքիր են իրենց էությամբ, հարցի կարգավորման եղանակներով, գործնականությամբ եւ իրատեսությամբ, ինչպես Ասոցացված պետության, Տարածքների փոխանականության, Կիպրոսյան տարբերակը, Սինթեզային տարբերակը, Ընդհանուր պետության մոդելը, Չեչենական տարբերակը, Ալանդյան կղզիների մոդելը եւ այլն12: Դրանք տարբերակների առաջին խումբն են, որոնց համար ընդհանուրն այն է, որ նրանք չեն դնում Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը: Բայց նրանք դրա հետ միասին չեն դնում եւ չեն ընդունում նաեւ Լեռնային Ղարաբաղի այն իրավական եւ քաղաքական կարգավիճակի վերականգնման կամ մոդելին վերադառնալու հարցը, որը հաստավել էր խորհրդային տարիներին, եւ որին ձգտում է ադրբեջանական կողմը:

Տարբերակներ երկրորդ խումբն այն առաջարկություններն են, որոնք չեն ժխտում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ԼՂՀ-ին անկախություն շնորհելու ուղիով: Այդ տարբերակներից են Ղարաբաղի Չեզոքության կարգավիճակը, Փարիզ-Քի Վեստ համաձայնագիրը, Լելուշ-Պալացիո մոդելը այլն13: Ուշագրավ է նաեւ Տրանս-ենթապետական ինքնորոշում մոդելը (Trans-state self-determination), որն առաջադրել եւ զարգացրել են ամերիկյան մասնագետներ Մ. Հալպերինը եւ Դ.ՍխեՖերը14‎:

Տիպաբանորեն անկախության տարբերակի ջերմեռանդ կողմնակիցների շարքում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բերնար Կուշները, գերմանական հայտնի իրավագետ Օտտո Լուխտերհանդը, Հայաստանում Ռուսատանի նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, իտալական հայտնի քաղաքագետ-միջազգայնագետներ Ա. Պլոտին եւ Է. Ալիպոհանդին, իտալական պատմաբան Բայսը, լիբանայան քաղաքագետ Սալեհ Զահր ալ-Դինը, եգիպտական պատմաբան եւ իրավաբան Ֆուադ Հասան ՀաՖիզը‎ եւ ուրիշներ:

Մենք այս տարբերակներին, որոնք հետաքրքիր են Լեռնային Ղարաբաղի պետականության հայեցակարգի էվոլյուցիայի տեսանկյունից, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված մեր ավելի քան վեց մենագրական ուսումնասիրություններում ու մի շարք հոդվածներում, որոնք հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, հայերեն եւ այլ լեզուներով՝ Մերիլենդում /ԱՄՆ/, Հռոմում, Վենետիկում, Լոնդոնում, Կահիրեում, Աբու Դաբիում, Մոսկվայում, Թբիլիսիում եւ այլուր:

Ամփոփելով վերոշարադրյալը, ինչպես նաեւ հաշվի առնելով արդի փուլում կազմավորված քաղաքական, իրավական եւ ռազմական նոր իրողությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի համար ներկա փուլում առավել ընդունելի եւ կամ նպատակահարմարը գտնում ենք հետեւյալ երեք տարբերակները:

Տարբերակ առաջին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովը ,

նկատի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային հանրությանը չի հաջողվում հասնել կողմերի համար ընդունելի կոնսենսուսի,

ելնելով այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի ժողովրդական դեպուտատների միացյալ նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

հաշվի առնելով , որ 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ի կագավիճակի վերաբերյալ անց է կացվել հանրաքվե, որի ընթացքում քվերկությանը մասնակցած ԼՂՀ-ի բնակչության 95%-ն արտահայտվել է հօգուտ ԼՂՀ-ի անկախության,

հիշեցնելով, որ ԼՂՀ-ի պառլամենտը դեռեւս 1992թ. հունվարի 6-ին պաշտոնապես արդեն հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,

հավաստելով իր համախոհությունը վերոնշյալ որոշումների հետ եւ նրանց իրագործումն համարելով առաջնահերթ ազգային խնդիր,

հենվելով սեփական ժողովրդի ազատորեն արտահայտված կամքի վրա՝ այս պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերստին հռչակում է ազատ, անկախ, ինքնիշխան, ազատական եւ ժողովրդավարական պետություն, որն արդեն ընդունված եւ ճանաչված է սեփական ժողովրդի կողմից:

Միաժամանակ միջազգային հանրությանը պետք է հասկացնել, որ եթե նրանք կճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը՝ լավ, իսկ եթե ոչ, ապա դա իրենց գործն է եւ դրանից ողբերգություն չսարքել: Մենք ապրում ենք այլ ժամանակներում, այլ դարաշրջանում, որոնք պահանջում են ոչ ստանդարտ, առաջին հայացքից տարօրինակ, սակայն խորքի մեջ միանգամայն բնական որոշումներ, այդ թվում եւ պետականության հարցերում:

Դրա հետ մեկտեղ, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունից անջատ երկրորդ հայկական պետության ստեղծումն իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ, որի մասին վկայում է նաեւ մեր պատմական

փորձը: Նկատի ունենք 885թ. հայոց պետականության վերականգնումը եւ Բագրատունիների արքայական դինաստիայի հաստատումը: Սակայն ցավոք Բագրատունիներին չհաջողվեց ստեղծել միասնական կենտրոնացված պետություն եւ կենտրոնական՝ Անիի թագավորության կողքին կազմավորվեցին Արծրունյաց թագավորությունը Վասպուրականում, Կարսի Բագրատունիների թագավորությունը Անիի թագավորության անմիջական հարեւանությամբ, Սյունիքի թագավորությունը, Տաշիր-Ձորագետի թագավորությունը: Հասկանալի է, որ դա Բագրատունյաց թագավորության թուլության եւ կործանման պատճառներից մեկն էր, որը ցցուն կերպով դրսեւորվեց բյուզանդական խարդավանքների եւ սելջուկ թուրքերի Հայաստան ներխուժելու ընթացքում:

Ուստի այս տարբերակի նպատակահարմարության հարցը՝ հայկականության հզորության պահպանման, ամրապնդման եւ զարգացման տեսանկյունից , պահանջում է ոչ հապշտապ, խորքային եւ բազմակողմանի քննարկումներ ու վերլուծություն:

Տարբերակ երկրորդ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու մասին: Բոլորս լավ գիտենք, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց "միացում " համահայկական լոզունգի ներքո եւ դրա վերաբերյալ կա համապատասխան փաստաթուղթ, ընդունված 1988թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինների կողմից: Այդ փաստաթուղթը պահպանում է իր իրավական ուժը եւ չեղյալ չի հայտարարաված ոչ ՀՀ-ի եւ ոչ էլ ԼՂՀ-ի կողմից: Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին նշանակում է վերադարձ հայկական պատմական արմատներին, համապատասխանում է արդի իրողություններին եւ համահունչ է հայական դարավոր երազանքներին::

Տարբերակ երրորդ: ԼՂՀ- ի վերադարձը Ադրբեջանի իրավասության ներքո բացառվում է: Նման տարբերակ չի կարող լինել»:

Նշենք, որ NEWS.am-ը գիտաժողովի տեղեկատվական գործընկերն էր: 


Տպել
Ամենաշատ