ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանին հասցված հարվածների հետևանքով Իրանի «բազմաթիվ ռազմական ղեկավարների» զոհվելու մասին։

«Իրանի բազմաթիվ ռազմական ղեկավարներ, որոնք վատ ու անխոհեմ էին առաջնորդում, սպանվել են շատ ուրիշների հետ Թեհրանին հասցված այս զանգվածային հարվածի հետևանքով»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հրապարակել է նաև քաղաքին հասցված հարվածների կադրերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին և մտել հարավային Լիբանան։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Սակայն Իրանը հերքել է այդ տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։