ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Պակիստանից այն բանից հետո, երբ Իրանի հետ ավելի քան 21 ժամ տևած լարված բանակցությունները չեն հանգեցրել պատերազմն ավարտող խաղաղության համաձայնագրի, հայտնում է BBC-ն:
«Իրանցիների հետ բովանդակալից քննարկումների շարք ենք ունեցել, դա լավ նորություն է։ Վատ նորությունն այն է, որ համաձայնության չենք հասել, և կարծում եմ՝ սա շատ ավելի վատ նորություն է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասել է Վենսը։
«Պարզապես չկարողացանք հասնել մի իրավիճակի, որում իրանցիները կընդունեին մեր պայմանները»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ միջուկային զենքի հարցն առանցքային է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում, և նախագահ Թրամփի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա թե՛ հիմա, թե՛ ապագայում։ Ըստ Վենսի, Իսլամաբադում կայացած բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական կողմից միջուկային զենք չմշակելու հանձնառություն չեն տեսել։