Հայաստանը և Եվրոպական միությունը պետք է հավակնոտություն ու իրատեսական մոտեցում պահպանեն բարեփոխումների ու համագործակցության հարցում՝ միաժամանակ ուժեղացնելով փոխադարձ կապվածությունն ու պայմանավորվածությունների գործնական իրականացումը։ Այս մասին ապրիլի 15-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ելույթի ընթացքում դեսպանը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը՝ փաստելով, որ Հայաստանն այսօր եվրոպական քաղաքական օրակարգի առանցքում է։ Նա հատկապես շեշտել է սպասվող գագաթնաժողովների և երկկողմ երկխոսության ընդլայնման նշանակությունը։ Ըստ Մարագոսի՝ համատեղ միջոցառումներում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը լավագույնս է արտացոլում քաղաքական սերտ ներգրավվածությունը։

Եվրոպացի պաշտոնյայի հավաստմամբ՝ իրականացվող ծրագրերը միտված են ոչ միայն համակարգային բարեփոխումներին, այլև բնակչության կյանքի որակի բարձրացմանը՝ ներառյալ սոցիալ-տնտեսական զարգացումը, պետական ծառայությունների արդիականացումն ու մասնավոր հատվածի խթանումը։ «Մենք աշխատում ենք առանձին ընկերությունների հետ՝ օգնելով նրանց բարելավել չափանիշներն ու մուտք գործել եվրոպական շուկաներ։ Որոշ դեպքերում ընդամենը մեկ տարում արտահանման ծավալներն աճել են ավելի քան 7%-ով»,- ընդգծել է նա՝ շեշտադրելով տնտեսական գործակցության և տեխնիկական աջակցության կարևորությունը։

Դեսպանը նաև փաստել է, որ վերջին երկու տարում Եվրոպական միությունն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել ռազմավարական փոխգործակցության և պլանավորման հարցում՝ մշակելով համագործակցության նոր գործիքներ ու հստակ օրակարգ։

«Մենք ստորագրել ենք Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգը և վերջին երկու տարում առաջընթաց գրանցել պլանավորման ու գործակցության նոր գործիքների մշակման հարցում»,- նշել է Մարագոսը։

Նա առանձնակի անդրադարձ է կատարել քաղաքացիական հասարակության դերին՝ ընդգծելով, որ պետության, հանրության և միջազգային գործընկերների միջև երկխոսությունը կայուն բարեփոխումների առանցքային գործոնն է։ «Քաղաքացիական հասարակությունն անփոխարինելի դեր ունի բարեփոխումների գործընթացում, քանի որ այն թույլ է տալիս համադրել պետական քաղաքականությունն ու հանրային փորձագիտական ներուժը»,- հավելել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը։

Վասիլիս Մարագոսն ընդգծել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունների ներկայության ու աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կայունությանը և Հայաստանի ինքնիշխանությանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ու ԵՄ-ն պետք է կենտրոնանան ոչ միայն ենթակառուցվածքային ու համակարգային կապերի, այլև «մարդկային շփումների», ինչպես նաև սոցիալական չափանիշների հզորացման և բարեփոխումների ներառականության վրա։