News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հայ երգիչներն այսօր, փետրվարի 23-ին, հանդես են եկել Եվրոպական հեռարձակողների միությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:

Երգիչները, մասնավորապես, տարածած հայտարարության մեջ նշում են.

«Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:

Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլեւ ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք, ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բաքվում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հետ:

Հայաստանի երգիչները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպած «Եվրատեսիլ» երգի բոլոր, այդ թվում` նաեւ մանկական մրցույթներին:

Սակայն այս տարվա «Եվրատեսիլ-2012»-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու հեռանկարը հարուցեց շատ երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն ու դժգոհությունը:

Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:

Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որեւէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:

Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որեւէ անդամ:

Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում եւ Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր եւ կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը եւ մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի եւ եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի եւ իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռեւանշիզմի եւ հայատյացության ոգով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու ՙԵվրատեսիլ-2012՚-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ի օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ»-ի բոլոր հետագա մրցույթներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում մայիսին կայանալիք միջազգային այդ մրցույթին: «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում էին մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը:

Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնել ցանկացող երկու արտիստների հետ NEWS.am-ն արդեն հարցազրույցներ ներկայացրել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news