Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը կոչով դիմել է Թունիսում ընթացող «Սիրիայի ընկերներ» հանդիպման մասնակիցներին, եւ խնդրել զենք առաքել այսպես կոչված Սիրիական ազատ բանակի համար:
«Եթե վարչակազմը չընդունի քաղաքական նախաձեռնության պայմանները, որ առաջարկել էր Արաբական երկրների լիգան, եւ չդադարեցնի բռնությունները ժողովրդի դեմ, «Սիրիայի ընկերների խումբը» պետք է թույլատրի առանձին երկրների օգնել սիրիական ընդդիմությանը` ռազմական խորհրդատուներ տրամադրելով, զորավարժանքներ կազմակերպելով եւ ինքնապաշտպանության համար զենք տրամադրելով»,- ասված է հայտարարության մեջ:
Այսօր` փետրվարի 24-ին Թունիսում ընթանում է «Սիրիայի ընկերների» առաջին ահնդիպումը: Դրան մասնակցում են 70 երկրներ, ներառյալ` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ արաբական երկրների մեծ մասը: Սիրիայի կառավարությանը չեն հրավիրել, բացակայում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը:




























