News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը Վրաստանում ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու մտադրություն չուներ, բայց նման լուրերի շրջանառությունից հետո կսկսի մտածել այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը` անսդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը մեկնել է Վրաստան, «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, պայմանավորվածություններ է ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար:

Այվազյանը նշեց, որ Վրաստան գնում է ամսվա մեջ 2-3, իսկ տարվա մեջ` մոտ 50 անգամ, քանի որ ծնունդով Վրաստանից է, իր պապերը այնտեղ են թաղված եւ այլն:  «Վրաստանը իմ ծննդավայրն է, շատ սիրում եմ, շատ հաճելի է, այնտեղ լավ ընկերներ, բարեկամներ ունեմ, անտեր չեմ մնում, հյուրանոցներում եմ մնում»,- ասաց պատգամավորը` նշելով. որ Վրաստանում հյուրանոց չունի, բայց լավ կլիներ, որ ունենար: Վարդան Այվազյանը այնքան անկեղծացավ, որ նույնիսկ պատմեց, թե որ հյուրանոցներում է սիրում մնալ: Նրա խոսքով` «Շերատոն» հյուրանոցը սարի գլխին եկեղեցու կողքին գտնվող գեղեցիկ հյուրանոց է, բայց այնտեղ շատ շուտ էր մնում, այժմ գերադասում է մնալ «Մարիոթում», «Old Tbilisi»-ում եւ այլն:

Հարցին , թե պատգամավոր եք, գործարարությունը ձեր ինչի՞ն է պետք, Վարդան Այվազյանը բացատրեց, որ մեր երկրում «չկա երեւի մի քաղաքացի կամ շատ քիչ են, որոնք բաժնետեր չլինեն ինչ-որ մի կազմակերպության, քանի որ Հայաստանում 130-140 հազար գրանցված կազմակերպություն կա, ինչը նշանակում է, որ բնակչության 80 տոկոսը փայատեր է»:

«Երբ Սահմանադրությունն ասում է, ձեռնարկատիրությամբ զբաղվողը չի կարող լինել պատգամավոր, դա նշանակում է, որ անմիջական այդ կառավարում իրականացնողը, որի համար ստանում է վարձատրություն, չի կարող լինել պատգամավոր: Գործարարը նա է, ով իր ամենօրյա անմիջական աշխատանքով կառավարում է իրականացնում, բայց բաժնետերը ուրիշ է»,- ասաց նա` հավելելով, որ ինքը բաժնետեր է, բայց գործարար չէ:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան եւ այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարեւոր մարդկանց հետ»,- գրել էր թերթերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ