«Երեւան Ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հուլիսից Երեւան քաղաքում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման արժեքը սահմանել 146.735 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այսինքն` վերջնական սպառողի համար սակագինը կկազմի 176.082 դրամ` ներկայիս 174.065 դրամի համեմատ (1 խոր. մետրի հաշվով):
Ըստ կարգի` «Երեւան Ջուր» ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչեւ փետրվարի 28-ը Հանձնաժողովին ներկայացնել ջրի սակագնի նոր հաշվարկ:
Այս անգամ «Երեւան Ջուր» ընկերությունը ջրի սակագնի բարձրացումը հիմնավորել է նրանով, որ գնաճը հանրապետությունում 2011 թ. կազմել է 7.7 %, իսկ դրամն արժեզրկվել է եվրոյի համեմատ:
Նշենք, որ ջրի սակագնի վերահաշվարկն իրականացնելիս հիմք է ընդունվում 3 գործոն` գնաճ, փոխարժեք եւ էլեկտրաէներգիայի սակագին: Հատկանշական է, որ «Երեւան Ջուրը» հիմք է ընդունել ոչ թե 12-ամսյա գնաճը (այն կազմում է 4.7 %), այլ տարեկան միջին գնաճը, իսկ փոխարժեքներից հաշվի է առնվում ոչ թե դոլարը, այլ եվրոն:
Նշենք, որ Հանձնաժողովն իր եզրակացությունը այս հարցի առնչությամբ պետք է հրապարակի 90 օրում:
«Երեւան Ջուր» ընկերությունը 10 տարով վարձակալության է հանձնվել Veolia Woter ֆրանսիական ընկերությանը: Ըստ վարձակալության պայմանների` 2012 թ. Երեւանի ջրամատակարարումը պետք է արժենար ընդամենը 99 դրամ, իսկ վարձակալության վերջին տարում` 2015 թ.` իջներ մինչեւ 75 դրամ:



























