Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր` մարտի 6-ին, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության մոտ 100 ակտիվիստ փորձել են ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Մեհմեդ Մեջիդլիի եւ Բաբաք Հասանովի, ովքեր բանտում ենթարկվել են ֆիզիկական բռնությունների: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Բաքվի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են ակցիայի կազմակերպումը եւ հերթական անգամ ուժ կիրառել ակտիվիստների դեմ:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են, այդ թվում Ժողճակատի Երիտասարդական կոմիտեի նախագահ Աբուլֆազ Գուրբանլիին եւ կոմիտեի որոշ անդամների: Նրանց տեղափոխել են Բաքվի` Յասամալի շրջանային ոստիկանական վարչություն:
Երկու ակտիվիստի` Դեյանեթ Բաբաեւին եւ Ջաբար Սավանլըին դաժան ծեծի են ենթարկել: Եւս երկուսի ատամներն են ջարդել, գրում է թերթը:











